Պետությունն այսօրվա իր հնարավորություններով չի կարողանում երիտասարդների բոլոր խնդիրները կարճ ժամանակահատվածում լուծել: Այդ մասին այսօր` ապրիլի 9-ին ասել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` Ծաղկաձորում ուսանողների հետ հանդիպմանը:

Հանդիպմանը ՀՀԿ նախագահը խոսել է նաեւ պետության կողմից վերջին տարիներին երիտասարդների համար իրականացվող սոցիալական ծրագրերի մասին, որոնց նախաձեռնությունը, նրա հավաստմամբ, ծնվել է հենց Երեւանի պետական համալսարանում: Սերժ Սարգսյանի խոսքով, երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովման եւ նմանատիպ այլ ծրագրերի նպատակն է՝ երիտասարդների ակտիվ մասնակցությամբ ու նաեւ նրանց նախաձեռնությունների շնորհիվ հասնել բոլորի համար տեսանելի, էական փոփոխությունների:

ՀՀԿ նախագահն ընդգծել է, որ պետությունն այսօրվա իր հնարավորություններով չի կարողանում երիտասարդների բոլոր խնդիրները կարճ ժամանակահատվածում լուծել, բայց երիտասարդությանն ուղղված պետական քաղաքականության մեջ վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ զգացել են, եւ այդ քաղաքականությունը շարունակական է լինելու, իրականացվող ծրագրերն ավելի են ընդլայնվելու: