«Փոլիսի Ֆորում Արմենիա» (PFA) կազմակերպության հրավերով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը ապրիլի 3 -ից 6-ը գտնվում էր Վաշինգտունում: ԱՄՆ մայրաքաղաքում նա հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ինչպես նաեւ ամերիկյան պաշտոնական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:
Գ. Չուգասզյանը, մայիսի 5-ի PFA-ի կազմակերպած «Հայաստանը խաչմերուկում. դեպի ու՞ր գնալ» թեմայով քննարկման հիմնական բանախոսն էր։ Քննարկումը, որին մասնակցել են հայկական համայնքի ներկայացուցիչներ ե երիտասարդ փորձագետներ, վարել է Ջորջ Վաշինգտոն համալսարանի իրավագիտության ամբիոնի համա-դեկան Սյուզան Կարամանյանը։
Այնուհետեւ, ապրիլի 6-ին` Ջորջ Վաշինգտոն համալսարանի արտաքին հարաբերությունների բաժնում, տեղի է ունեցել Գ. Չուգասզյանի`«Հայաստանի քաղաքական ռելիեֆը մայիսի 6–ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» թեմայով զեկուցումը, որին ներկա էին Հայաստանի եւ կովկասյան տարաջաշրջանի փորձագետներ։
Ապրիլի 7-ից 18-ը Գարեգին Չուգասզյանը գտնվելու է Լոս Անջելես եւ Սան Ֆրանսիսկո քաղաքներում, որտեղ նախատեսվում են հրապարակային ելույթներ եւ հանդիպումներ սփյուռքահայ հասարակական եւ մշակութային գործիչների, ինչպես նաեւ շարժման համախոհների հետ:



























