Երեւանում, այսօր` ապրիլի 10-ին, ժամը 15:00-ին Երեւանի թիվ 78 դպրոցի մի խումբ երեխաների նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում կիրականացվի ակցիա` ուղղված հասարակական տրանսպորտում ծխելու եւ մարդկանց առողջությանը վնաս հասցնելու խնդրին:

Ակցիայի ընթացքում երեխաներն անցորդներին կբաժանեն թռուցիկներ եւ տեղեկատվական թերթիկներ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի, ծխելու վնասների  վերաբերյալ եւ հասարակությանը կոչ կանեն չծխել եւ թույլ չտալ վարորդներին եւ իրենց շրջապատի մարդկանց ծխել եւ վտանգել իրենց առողջությունը: Ակցիայի նպատակն է եւս մեկ անգամ հանրության ուշադրությունը սեւեռել ծխելու հիմնախնդրի վրա:

Ակցիան նախաձեռնող երեխաները ներգրավված են «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» (ՏՆՀԵՄ) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Երեխան երեխայի համար» (ԵԵՀ) խմբերում, որոնց նպատակն է երեխաներին հաղորդել համապատասխան գիտելիքներ եւ հմտություններ` իրենց վերաբերող խնդիրներում իրենց մասնակցությունը խթանելու նպատակով: