Քուվեյթում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, ապրիլի 8-11-ին, եռօրյա աշխատանքային այցով Քուվեյթ էր ժամանել Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը` քուվեյթահայ համայնքի հետ համագործակցության խթանման հարցեր քննարկելու նպատակով:
Քուվեյթի եւ Ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանի, Թեմական ժողովի եւ Ազգային վարչության, Քուվեյթի Ազգային վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ կայացած առանձին հանդիպումների արդյունքում ստեղծվել է համապատասխան հանձնախումբ` Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատանքները քուվեյթահայ համայնքի մակարդակով համակարգելու համար:
Պատվիրակության պատվին կազմակերպված միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաեւ Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը` շնորհակալություն հայտնելով քուվեյթահայ համայնքին ցուցաբերած պատրաստակամության եւ գործնական համագործակցության համար, ինչպես նաեւ նշելով, որ հանձնախմբի ստեղծումը նոր լիցք կհաղորդի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու քուվեյթահայ համայնքի ակտիվ ներգրավվածությանը Հայաստանում ընթացող համահայկական բնույթի աշխատանքներում:



























