Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության եւ հայ-հնդկական բարեկամական համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար: Հրաժեշտի հանդիպումն առիթ է եղել, որ վարչապետն ու դեսպանն ամփոփեն երկու երկրների համատեղ ծրագրերի առկա արդյունքներն ու ակնկալիքները. «Կարող ենք գոհունակությամբ նշել, որ այս տարիների ընթացքում նկատվում է էական աշխուժացում հայ-հնդկական հարաբերություններում: Բավական է հիշատակել, որ մեծ սիրով մասնակցեցինք հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի բացմանը Երեւանի պետական համալսարանում, որին մասնակցում էր նաեւ Հնդկաստանի կապի եւ տեղեկատ¬վական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պայլոտը: Սա նշանակալի իրադարձություն է մեր հարաբերություններում, որովհետեւ ՏՏ ոլորտը մեզ համար գերակայություն է, եւ Հնդկաստանի փորձն այդ առումով ուսանելի է եւ կարեւոր», - նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ Երեւանում 2011 թ. հոկտեմբերին հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստի եւ գործարար համաժողովի անցկացումը:

Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության եւ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: Նա ընդգծել է, որ Հնդկաստանի կառավարությունը բարձր է գնահատում մեր երկրի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները եւ շահագրգռված է գործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու եւ զարգացնելու գործում:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել Աչալ Կումար Մալհոտրային հետագա գործունեության մեջ եւ նշել, որ Հայաստանում միշտ ուրախ են հյուրընկալելու բարեկամներին: