Թերթը գրում է, որ 37-ամյա Դավիթ Ծաղիկյանն այսօր ժամը 10-ին պատրաստվում է անժամկետ հացադուլ սկսել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի մուտքի մոտ: «Նման միջոցով նա բողոքելու է դատարանի այն որոշման դեմ, որի պատճառով ինքը 4 տարի է, իր պնդմամբ, ապօրինաբար զրկվել է զավակից, որն արդեն 6 տարեկան է: Դավիթ Ծաղիկյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է, որ դատաբժշկական փորձագետ Շոթա Վարդանյանը եզրակացություն է տրամադրել` իբր երեխան չի սերում իրենից, չնայած որեւէ փորձանմուշ չի վերցվել Դավիթից: Հացադուլի պատրաստվող տղամարդն ասել է, որ ակցիան իրականացնելու է ԱԱԾ-ի մոտ, որովհետեւ դա ԱԱԾ-ի խնդիրն է: «Այստեղ արդեն երեխայի առքուվաճառք է տեղի ունեցել:
Այլ կերպ չեմ կարող որակել: Ինչքա՞ն փող են վերցրել, որ իմ երեխայից զրկել են ինձ»,- հարցնումէ Դավիթ Ծաղիկյանը, որը 4 տարի շարունակ ապարդյուն փորձել է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այս գործում առկա բազում ապօրինությունների վրա: «Հացադուլ կանեմ այնքան ժամանակ, մինչեւ ԱԱԾ պետը չընդունի ինձ, եւ չտեղեկացնեմ նրան: Կամ թող ասի` տեղյակ եմ, ընթացք կտամ»,- ասել է Ծաղիկյանը:
Սա ընտանեկան այն պատմություններից է, երբ բաժանումից հետո, պատկան մարմինների որոշմամբ փոքրիկ տղան մնացել է մոր միանձնյա խնամակալության ներքո»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:



























