Երեւանի ավագանին ապրիլի 11-ին գումարած արտահերթ նիստում միաձայն որոշել է քաղաքի բյուջեով հաստատված եկամուտների մասն ավելացնել 1,499,997.5 եւ ծախերի մասը 1,499,997.5 հազ. դրամով։

Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ներկայացնելով այդ որոշման հիմնավորումը, նշել է, որ կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Լենինգրադյան փողոցի միջեւ ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել 2012-2013 թվականներին։ Մայրուղու կառուցումը նպատակ ունի թեթեւացնել երթեւեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը , որի արդյունքում զգալիորեն կթեթեւանա նաեւ Ծիծեռնակաբերդի խճուղու երթեւեկությունը։ Այդ կապակցությամբ ներդրումային ծրագիր է ներկայացրած ընկերությունը սեփական ուժերով եւ միջոցներով իրականացնում է Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Լենինգրադյան փողոցի միջեւ 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու եւ շուրջ 1.9 կմ ուղետարների կառուցման շինարարությունը, ինչպես նաեւ վճարում այդ քաղաքաշինական օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների արժեքները, որի 50%- ը 2012 թվականի համար կազմում է 1,878,050.0 հազար դրամ, ինչն էլ նախատեսվում է ավելացնել բյուջեի «Ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրին»։ Դրա դիմաց Երեւանի քաղաքապետարանը ընկերությանն ուղղակի վաճառքի ձեւով հատկացնում է նշված ճանապարհին կից առաջացող 5.3 հա մակերեսով հողատարածքը, որի 50% գումարի չափով սույն որոշման նախագծով 1,878,050.0 հազար դրամի չափով ավելացնելով Երեւան քաղաքի 2012 թվականի բյուջեի հողի իրացումից մուտքերը։