Երեւանի Ավագանին իր այսօրվա` ապրիլի 11-ի արտահերթ նիստում, որոշել է Երեւանի 2012 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 2 մլն դրամ է հատկացվել Բագրեւանդի փողոցին հարող տարածքում առկա դամբարանադաշտում հնագիտական ուսումնասիրություններ եւ պեղումներ իրականացնելու մասնագիտական ծառայություններ ձեռբերելու նպատակով։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ավագանին որոշել է նաեւ լրացուցիչ գումարներ հատկացնել մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման ծրագրերին։

Օրակարգի հաջորդ հարցով ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման ծրագիրը, որը ներառում է Ռուբինյանց փողոցի՝ Պարույր Սեւակ փողոցի-ավտոդպրոցի հատվածից մինչեւ Ավանի ուղետար եւ Ավանի ուղետարի Աճառյան փողոցի Զեյթուն տանող հատվածի երթեւեկելի մասի ասֆալտ-բետոնյա ծածկի հիմնանորոգումը , ներառյալ դիտահորերի եւ անձրեւորսիչների կարգաբերումը ու փոխարինումը, հարթեցնող շերտի եւ 4.5 սմ հաստությամբ ասֆալտ - բետոնյա ծածկի ամբողջական իրականացում։ Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է նաեւ փողոցի շուրջ 70 տոկոս մայթերի ասֆալտ-բետոնյա ծածկի , ինչպես նաեւ բազալտե եւ բետոնե եզրաքարերի քանդում եւ վերականգնում, հաշմանդամների համար մեկ թեքուղու կառուցում, ճանապարհի երկայնությամբ գոյություն ունեցող սիզամարգերի վերականգնում։