«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում է «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) տարածաշրջանային համատեղ արտադրության 6-րդ ֆորումի մասնակցության հայտերի ընդունում: Ֆորումը տեղի կունենա «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հուլիսի 10-12-ը:

ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումն ամենամյա միջոցառում է, որի նպատակն է խրախուսել Արեւելյան գործընկերության երկներում, մասնավորապես` Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում եւ Ադրբեջանում ֆիլմարտադրության, համատեղ արտադրության զարգացումը: Ծրագրին կարող են մասնակցել ներկայացուցիչներ վերոնշյալ երկրներից:

ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը ՌԱՍ արեւելյան համագործակցության ծրագրի մի մասն է, որը հովանավորվում է Եվրամիության կողմից եւ իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի եւ իր գործընկերների` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինա), Պրոմեթեւս կինոարվեստի կենտրոն (Վրաստան)եւ INTERNEWS (Հայաստան) կողմից: 2012-2014թթ. ընկած ժամանակահատվածում ՌԱՍ արեւելյան համագործակցության ծրագիրը կիրականացնի եւս մի քանի դասընթացներ, սեմինարներ, կտրամադրի շփման հնարավորություններ ԵՄ արեւելյան համագործակցության տարածաշրջանի կինոարտադրության ներկայացուցիչների համար:

Այս տարի ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը կենտրոնանում է լիամետրաժ խաղարկային կինոնախագծերի վրա: Վերոնշյալ պետություններից ռեժիսորները եւ պրոդյուսերները կարող են դիմել ֆիլմերի  նախագծերով, որոնք գտնվում են զարգացման փուլում: Նախընտրելի է, որ դրանք լինեն համատեղ արտադրության ֆիլմեր:

ՌԱՍ 2012 Ֆորումը կներառի կարճատեւ դասընթացներ (training), որոնք վարելու են աշխարհահռչակ վերապատրաստողներ եւ հյուր-խոսնակներ. սա ընտրված նախագծերի ռեժիսորներին եւ պրոդյուսերներին համագործակցության եւ կարիերայի զարգացման նոր հնարավորություններ կընձեռի: Դասընթացների հետ համատեղ` Ֆորումի ծրագիրը ներառելու է  նախագծերի ներկայացում (pitching), անհատական հանդիպումներ միջազգային մասնագետների եւ պրոդյուսերների հետ:

Աշխատանքային լեզուն անգլերենն է:

Դիմումի կարգը

ՌԱՍ ֆորումի մասնակցության համար անհրաժեշտ է անգլերեն լեզվով հետեւյալ փաստաթղթերը ներբեռնել www.dabhub.com ինտերնետային կայքում`

1. օնլայն դիմում-հայտը

2. սինոփսիս – մինչեւ 1 էջ

3. մեկնաբանություն (treatment) – 8-10 էջ

4. ռեժիսորական հայացք   – մինչեւ 1 էջ

5. ռեժիսորի կենսագրություն/ֆիլմագրությունը

6. պրոդյուսերի կենսագրություն/ֆիլմագրությունը

Հարցերի դեպքում, կարող եք դիմել ՌԱՍ ծրագրի կոորդինատորին`

Տաթեւիկ Մանուկյանին: [email protected]

Ընտրված նախագծերը կհայտարարվեն հունիսի 20-ին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է: