Երեւանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Տիգրան Գրիգորյանը հազարական դրամ է փոխանցել իր մրցակիցների` գործարար Սամվել Ալեքսանյանի եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նախընտրական հաշվեհամարներին: Այդ մասին Տիգրան Գրիգորյանը հայտնել է այսօր` ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նա ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել գումար փոխանցել նույն ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուի` Վարդան Վարդանյանի հաշվին, քանի որ չի իմացել հաշվեհամարը: Գրիգորյանն ինքն էլ հաշվեհամար ունի եւ դեմ չէր լինի, որ ցանկացողներն էլ իր հաշվին գումար փոխանցեին:

Գրիգորյանը նաեւ դժգոհել է տեղեկատվական շրջափակումից, որին բախվել է առաջադրվելուց հետո: Նրան զայրացրել էր հանգամանքը, որ առաջադրվելուց հետո բոլորին որպես մրցակից էին համարում, բացի իրենից: Գրիգորյանը նաեւ անարդարացի է համարել «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագրի առաջարկը` բանավեճի հրավիրել միայն Սամվել Ալեքսանյանին, եւ հայտարարել է,թ ե պատրաստ է բանավիճել իր մրցակցի հետ: