Հայաստանի գլխավոր դատախազի հրամանով «ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչություն»-ը վերանվանվել է «ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության»:
Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կիբերհանցագործությունները, որպես կանոն, կապված են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման` փողերի լվացման, ահաբեկչության, դրա ֆինանսավորման եւ պետության ու հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցակազմերի հետ, որոնց նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության կողմից:
Սրանք բարձր տեխնոլոգիաների` համակարգչային համակարգի օգտագործմամբ, էլեկտրոնային հաղորդակցությունների ոլորտում (էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքով կարգավորվող ոլորտում) կատարվող եւ այդ համակարգի, այդ թվում` տեղեկատվության փոխանակման անվտանգության դեմ ուղղված հանցագործություններն են: Որպես կանոն ոտնձգության թիրախ են դառնում տեխնոլոգիական համակարգերը, որոնք հանդես են գալիս որպես տեղեկատվության կրող եւ պահպանող:
Ժամանակակից հանցագործության այս տեսակի` կիբերհանցագործության դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար ներկայումս խիստ անհրաժեշտություն է առաջացել հետաքննության եւ նախաքննության մարմիններում ապահովելու կիբերհանցագործությունների բացահայտման եւ գործերի քննության, իսկ ՀՀ դատախազության համակարգում` դրանց նկատմամբ իրականացվող դատավարական ղեկավարման եւ դատախազական հսկողության մասնագիտացումն ու կենտրոնացումը, քանի որ այսօրինակ քրեական գործերի քննությունն ունի առանձնահատկություններ, այդ թվում` ինչպես ապացույցների ձեռք բերման եղանակների, այնպես էլ` տեսակների առումով: Մասնավորապես` անհրաժեշտ են թվային-էլեկտրոնային ապացույցների հայտնաբերման, ֆիքսման, զննման, առգրավման, պահպանման եւ փորձաքննությունների անցկացման միանգամայն նոր մոտեցումներ, իմացություններ եւ հմտություններ:
ՀՀ գլխավոր դատախազի` 06.04.2012թ. թիվ 15 հրամանով կիբերհանցագործությունների քննության նկատմամբ հսկողության իրավունքը վերապահվել է «ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությանը», որը հնարավորություն կտա ապահովել այս վարչության դատախազների մասնագիտացումը՝ այսօրինակ գործերով հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար:




























