Ֆինլանդացի արվեստագետ Աննա-Լեա Կոպպերին անվճար տրամադրում է հացենու տնկիներ (ծառի լատիներեն անվանումն է` fraxinus) եւ ապրիլի 14-ին, կեսօրից հետո սիրով հրավիրում բոլորին այցելել (բահերով) Երեւանի Մաշտոցի պուրակ, տնկիներ վերցնելու համար։

Տնկիներ բաժանողներն ակնկալում են, որ տնկի վերցնողները կհայտնեն, թե ում հետ են ցանկանում տնկել ծառը եւ ինչ անուն կցանկանային տալ տնկիին։

Բոլոր տնկիները, որպես բնապահպանական արվեստի գործեր կաճեն այն տեղերում, որոնք կընտրեն մարդիկ։

«Վերը նշված վայրում ձեւավորվելու է «գրասենյակ», բաղկացած սեղանից եւ աթոռներից, որին մոտենալով դուք կարող եք ձեռք բերել հացենու տնկի: Արվեստագետի օգնականը կարձանագրի ձեր ծառին տրված անունը, այդ անունը կգրվի հատուկ ցուցանակի վրա, որը կկապվի տնկիին։ Բոլոր մասնակիցները կստանան նաեւ ուղղեցույց` տնկիները բարենպաստ տեղերում տնկելու եւ դրանց խնամքի վերաբերյալ։ Տնկողները պետք է պատասխանատվությամբ մոտենան ծառերի աճեցման ընթացքին։ Տնկիների բաշխման բնապահպանական, արվեստի հետ զուգորդված այս ընթացքը կնկարահանվի` հետաեգայում վիդեո ինստալացիայի ձեւաչափով  ցուցահանդեսում ներկայացվելու նպատակով։

Հանրային այս պերֆորմանսը դիտարկում է շրջակա միջավայրի փոփոխությունները եւ տրանսգենային բույսերի օգտագործումը առեւտրային նպատակով։ Սննդի համար գործածվող բույսերի բազմաթիվ տեսակներ այլեւս «բնօրինակներ» չեն, այլ բուծված են տրանսգենային սերմերից։ Արվեստի այս աշխատանքը հղում է խնդրի հասարակական, քաղաքական եւ առողջության հետ կապված հետեւանքներին. խնդրի «ուժային» լուծումը տրվում է հօգուտ առեւտրային շուկայի։

Աննա-Լեա Կոպպերին նպատակ ունի իրազեկել հանրությանը ժամանակակից բնապահպանական արվեստի բովանդակության եւ միջոցների մասին։ Նրա արվեստի գործերն ուղիղ կապի մեջ են բնապահպանության եւ մարդկային արժեքների հետ, նրանք ի զորու են ազդել հանդիսատեսի վրա, փոխել նրա մտածելակերպն ու գործողությունները»,-ասված է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

«Տնկիներ` անվճար» փոխգործողության հանրային պերֆորմանսը Աննա-Լեա Կոպպերն իրականցրել է նաեւ Ֆինլանդիայում եւ Հնդկաստանում, 2011 թվականին։