«Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում այսօր «Յունիքոմփ» ընկերությունում ՀՀ հանրակրթական դպրոցներին տրամադրվել են համակարգչային սարքավորումներ: Միջոցառմանը մասնակցել է նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով, կարեւորելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումը դպրոցներում, նշել է, որ վերոնշյալ ծրագրով հանրապետության 1360 դպրոցի կտրամադրվեն 1410 համակարգչային սարքավորումներ` համակարգիչ, բազմագործառութային տպիչ եւ հոսանքի անխափան սնուցման սարք:
«Այսօր համակարգիչն ուսումնական գործընթացի անբաժանելի մասն է, եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառումը հանրակրթության որակի բարձրացման կարեւորագույն գործիքներից մեկն է: Եթե երեք տարի առաջ համակարգիչ-աշակերտ հարաբերակցությունը 1/38 էր, ապա այսօր այդ ցուցանիշը մոտ է եվրոպական միջինացված ցուցանիշին, այն է` 1/22: Բացի այդ, վերջին տարիներին ստեղծվել է նաեւ հայալեզու կրթական բովանդակություն` տասնյակ էլեկտրոնային դասագրքեր, հայալեզու էլեկտրոնային շտեմարան Սփյուռքի կրթօջախների համար, առցանց վերապատրաստման դասընթացներ` գրադարանավարների համար, դպրոցական կառավարման էլեկտրոնային համակարգ եւ այլն: Նշված գործընթացը վերաբերում է նաեւ մասնագիտական կրթության ոլորտին, մասնավորապես, կրթության հասանելիության եւ մատչելիության համատեքստում մարզային բուհերում դիստանցիոն կրթության հնարավորությունների ընդլայնմանը»,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ վերջերս Հայաստանի պետական ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղում բացվել է երկու վիրտուալ լսարան, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն դասախոսություններ լսել Երեւանի բուհերի լավագույն դասախոսների մատուցմամբ:
Նախարարը նշել է, որ դպրոցներին փոխանցվող որակյալ եւ ժամանակակից համակարգիչներում առաջիկայում կտեղադրվի դպրոցների վարչակառավարչական գործառույթների իրականացման համար մշակված հատուկ ծրագիր: Կկազմակերպվեն նաեւ վերապատրաստման դասընթացներ, որոնց կմասնակցեն հանրապետության դպրոցների համապատասխան աշխատակիցները: Համակարգիչների առաքման աշխատանքները մեկնարկել են Սյունքիի մարզից, եւ ըստ ժամանակացույցի դրանք մոտ ապագայում կտրամադրվեն բոլոր հասցեատերերին: Անդրադառնալով դպրոցներում համացանցի օգտագործման խնդիրներին` նախարարը նշել է, որ հանրապետության դպրոցների 98 տոկոսը մինչեւ տարվա վերջ համակցված կլինի ինտերնետին եւ կմիանա միասնական դպրոցական ցանցին: Բացի այդ, համացանցը մուտք կգործի այնպիսի համայնքներ, որտեղ այն կլինի հասանելիության բացառիկ կետ, ըստ այդմ` ուսումնական հաստատություններում առկա համացանցը նաեւ սոցիալական ծառայություն կմատուցի համայնքին:
Նշենք, որ «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային առաջին ծրագրով 2004-2009 թթ. ընթացքում ՀՀ 1153 դպրոց համալրվել Է համակարգչային սարքավորումներով: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում դպրոցներին են տրամադրվել 6041 համակարգիչ, 844 տպիչ, 674 սկաներ, 272 պրոյեկտոր, ինչպես նաեւ այլ համակարգչային սարքավորումներ: Դպրոցների մեծ մասում անցկացվել են տեղական տարածքային ցանցեր: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով տարբեր աղբյուրներից ստացված սարքավորումները, ՀՀ հանրակրթական դպրոցները հագեցված են շուրջ 16535 համակարգիչներով:



























