Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ապրիլի 14-ին այցելել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների հ/կ եւ ծանոթացել կենտրոնի գործուներությանն ու խնդիրներին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կենտրոնի տնօրեն Արփինե Վարդանյանը քաղաքապետին է ներկայացրել շենքային պայմանները բարելավելու առաջնայնությունները, մասնավորապես թեքահարթակների կառուցման անհրաժեշտությունը:
«Հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիները նույնպես քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են։ Իմ հանձնարարականով այսուհետ քաղաքաշինական որեւէ նախագիծ չի հաստատվի, եթե դրանում թեքահարթակներ նախատեսված չլինեն: Փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքում նույնպես հանձնարարված է հետիոտն անցումներում համապատասխան թեքություններ կահավորել»,-անդրադառնալով հաշմանդամների խնդիրների ուղղությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին՝ նշել է քաղաքապետը։ Տարոն Մարգարյանը նաեւ հավաստիացրել է, որ քաղաքապետարանը կաջակցի կենտրոնին՝ ինչպես ներկայացված խնդիրները լուծելու, այնպես էլ զբաղեցրած տարածքի իրավական կարգավիճակը հստակեցնելու հարցում:
Քաղաքապետը կենտրոնի բակում նաեւ ծառ է տնկել:






























