Գյումրիում այսօր 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք էին մատուցում։ Երկրաշարժի 21-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի էին այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ Ռուսաստանի Ուլյանովսկի փոխմարզպետ Վլադիմիր Կոզինը։ Սբ. Ամենափրկիչ եկեղեցու մոտ զոհերի հիշտակին նվիրված արարողությանը մասնակցելուց հետո Ս. Սարգսյանն այցելեց Ախուրյան համայնքում կառուցվող շաքարի գործարան, որտեղ ծանոթացավ գործարանի շինանարարական աշխատանքների ընթացքին։
Հիշեցնենք, որ շաքարի գործարանի շինարարությունը սկսվել է 2006 թվականին, եւ կառուցման համար 92 մլն դոլար ներդրում է կատարվել։ Գործարանի տնօրինությունը նախագահին տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հաջորդ տարվա ապրիլին, իսկ մայիսին արդեն գործարանը արտադրանք կտա։ Գործարանի սեփականատերն է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
Նախագահն այցելեց նաեւ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղ, որտեղ մասնակցեց Անիի, Արթիկի, Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների 21 գյուղերի գազիֆիկացման աշխատանքի ավարտման արարողությունը։ Նախագահին ուղեկցող Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ մինչեւ տարեվերջ Շիրակում կգազիֆիկացվի եւս 4 գյուղ։ Ըստ նրա՝ տարածքում ապրող բնակիչների սոցիալական վիճակը պատկերացնելով՝ էներգետիկայի նախարարության եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության հետ փորձելու են ծրագիր մշակել, որպեսզի բնակարանների գազիֆիկացումն ավելի մատչելի դառնա համայնքների բնակիչների համար։




























