ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է բանավիճել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ չի ցանկանում: «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Հայրապետյանն ասել է. «Ես պատրաստ եմ բանավիճել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ խոստանում եմ նրան պրովոկացիոն հարցեր չտալ»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ արած հայտարարությանը, թե Հայրապետյանի տրամաչափն էլ Շուշան Պետրոսյանն ու Արտաշես Գեղամյանն են, Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Ես հպարտ կզգայի ինձ, որ Գեղամյանի տրամաչափի քաղաքական գործիչ լինեի, որովհետեւ Գեղամյանին ես համարում եմ հայրենասեր, մեր երկրին, մեր ժողովրդին նվիրված անձնավորություն, որը ճիշտ կողմնորոշվել է: Իսկ ցանկացած կուսակցության պատիվ կբերեր, որ Շուշան Պետրոսյանը լիներ իրենց ցուցակում»:
Ռուբեն Հայրապետյանը նաեւ արձագանքել է թիվ 1 ընտրատարածքում իր մրցակից Գայանե Առուստամյանի հայտարարությանը եւ ներողություն խնդրել նրանից: «Ես մի քանի օր առաջ անդրադարձա Գայանեի կողմից ինձ արված բանավեճի առաջարկին եւ հայտարարեցի, որ կին է` կճանկռի: Ես չէի ցանկանում նրան վիրավորել: Եթե նա վիրավորվել է, ուրեմն ես ներողութուն եմ խնդրում»,- նշել է Հայրապետյանը:
Նշենք, որ Հայրապետյանն ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ է բանավիճել ՀԱԿ ընտրացուցակի 1-ինից 10-րդ համարների հետ, բացառությամբ Արամ Սարգսյանի, նաեւ բանավեճի ձեւաչափի ընտրությունը թողել էր ՀԱԿ-ին: Ապրիլի 16-ի երեկոյան «Արմնյուզ» հեռուստաընկերություն էր այցելել Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ՀԱԿ-ը որոշել է, որ ինքը պետք է բանավիճի Հայրապետյանի հետ: Հայրապետյանը սակայն հրաժարվել էր, իսկ Փաշինյանին թույլ չէին տվել մուտք գործել հեռուստաընկերության տարածք: «Հայրապետյանը հոխորտաց, հոխորտաց, բայց վերջին պահին վախեցավ եւ հրաժարվեց բանավիճել: Վախեցավ, որ կպարտվեն»,- նշել էր Փաշինյանը:




























