Հունգարիան և Եվրահանձնաժողովը կարող են մայիսի 25-ից հետո համաձայնագիր կնքել, որը Բուդապեշտին հնարավորություն կտա ստանալու ԵՄ բյուջեից և հատուկ հիմնադրամներից նախկինում սառեցված միջոցները։ Դրա մասին հայտարարել է «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որը շուտով կդառնա երկրի նոր վարչապետը։
Ապրիլի 29-ին նա Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Ըստ Մադյարի՝ բանակցություններն անցել են «կառուցողական և արդյունավետ»։ Մադյարը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը մայիսի վերջին և մոտ ժամանակներս հասնել քաղաքական համաձայնության, որն անհրաժեշտ է ֆինանսավորման ապաշրջափակման համար։
Նա վստահություն է հայտնել, որ Հունգարիան շուտով կստանա ԵՄ միջոցները, ներառյալ Վերականգնման հիմնադրամի ռեսուրսները, որոնք անհրաժեշտ է օգտագործել մինչև օգոստոսի 31-ը, այլապես դրանք կարող են վերաբաշխվել։
Ըստ Մադյարի՝ նոր կառավարությունը պատրաստ է կատարելու Եվրահանձնաժողովի պահանջները՝ կապված իրավունքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիան կարող է հավակնել մինչև 35 միլիարդ եվրո ստանալուն։ Վիկտոր Օրբանի հեռացող կառավարությունը պնդում էր, որ միջոցները Բրյուսելը պահում էր քաղաքական պատճառներով։
Խորհրդարանական ընտրություններից հետո «Տիսա» կուսակցությունը ստացել է մեծամասնություն, իսկ Մադյարը պետք է հաստատվի վարչապետի պաշտոնում նոր խորհրդարանի առաջին նիստում՝ մայիսի 9-ին։





























