ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հայտարարել է, որ Իսրայելը պետք է Լիբանանում իրականացնի միայն թիրախային հարվածներ և խուսափի ռազմական գործողությունների լիակատար վերսկսումից։

«Ես Նեթանյահուին ասել եմ, որ նա պետք է ավելի թիրախային գործի։ Շենքերը չքանդի։ Նա չի կարող դա անել։ Դա չափազանց սարսափելի է և Իսրայելը վատ լույսի ներքո է ներկայացնում»,- ասել է Թրամփը Axios-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրեն դուր է գալիս Լիբանանը և նրա ղեկավարությունը, և նա կարծում է, որ երկիրը կարող է «վերադառնալ բնականոն կյանքի»։

ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը պահպանվում է միայն մասամբ։ Թե՛ Իսրայելում, թե՛ Լիբանանում պաշտոնյաները մտահոգված են, որ այն ամբողջությամբ կփլուզվի մինչև մայիսի կեսերին դրա գործողության ժամկետի ավարտը։

Ապրիլի 17-ին Լիբանանն ու Իսրայելը համաձայնեցրել են հրադադար։ Ընդ որում, Լիբանանի բանակը չի մասնակցել Իսրայելի հետ հակամարտությանը, իսկ ռազմական գործողությունները վարել է «Հեզբոլլահը», որը հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների կողմ չէ։ Արդյունքում իսրայելական զինվորականներն ու «Հեզբոլլահը» ընդհանուր առմամբ սահմանափակել են իրենց գործողությունների ծավալը, սակայն պարբերաբար հարվածներ են հասցնում միմյանց դիրքերին։