Եվրոպական խորհրդարանը դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ խնդրելով սառեցնել Սլովակիային հատկացվող ԵՄ միջոցները՝ գործարկելով այսպես կոչված «պայմանականության մեխանիզմը»: Այն կիրառվում է իրավունքի գերակայությունը խախտող անդամ պետությունների ֆինանսավորումը կասեցնելու համար: Դրա մասին գրում է Euobserver պարբերականը:
Նույն ընթացակարգն առաջին անգամ կիրառվել է 2022 թվականի վերջին Բուդապեշտում՝ Վիկտոր Օրբանի կառավարության դեմ, ինչը հանգեցրեց ավելի քան 20 միլիարդ եվրոյի ԵՄ ֆինանսավորման կասեցմանը:
«Սլովակիայի հարցում մեր համբերության բաժակը պարզապես լցվել է»,- նշել է Եվրախորհրդարանի անդամներից մեկը:
Պայմանականության մեխանիզմը գործարկվում է այն դեպքում, երբ չկա երաշխիք, որ անդամ պետությունն ի վիճակի է պաշտպանել ԵՄ գումարները ոչ նպատակային օգտագործումից:
Եվրապատգամավորները քննադատում են Ռոբերտ Ֆիցոյի կառավարությանը Ազգային քրեական գործակալության և Հատուկ դատախազության լուծարման համար, իսկ վերջերս փորձ է արվել նույն կերպ վարվել Իրազեկիչների պաշտպանության գրասենյակի նկատմամբ: Կառավարությունը նախ լուծարել էր այդ գերատեսչությունը, իսկ Բրյուսելի քննադատությունից հետո չեղարկել իր այդ քայլը:
Սլովակիայի դեմ իրենց առարկությունները եվրապատգամավորները ներկայացրել են ԵՄ անցյալ տարվա բյուջեի քվեարկության ժամանակ (418 կողմ, 207 դեմ և 14 ձեռնպահ):
Այդ հարցի շուրջ քվեարկությունն անցկացվում է ամեն տարի:
«Դեռևս մինչ քվեարկությունը բյուջետային կոմիտեն կարևոր փոփոխություններ էր ընդունել, որոնցում Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ էին արել Եվրոպական հանձնաժողովին գործարկել պայմանականության մեխանիզմը Սլովակիայի դեմ»,- պարզաբանել է euBrief կայքի վերլուծաբան Մարիան Կորենը:
Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին ԵՄ միջոցները սառեցնելու խորհրդարանի կոչը դիտարկում է որպես քաղաքականապես մոտիվացված քայլ Սլովակիայի դեմ: Նա պնդում է, որ եվրապատգամավորները ցանկանում են պատժել Սլովակիային Ֆիցոյի կառավարության որոշ դիրքորոշումների համար:
«Ես հաստատակամորեն հավատում եմ, որ, ի վերջո, նման քվեարկությունը հաջողություն չի ունենա, և Եվրոպական միությունը մեզ համար չի սառեցնի ԵՄ միջոցները»,- իր հայտարարության մեջ գրել է Պելեգրինին:
Ըստ նրա՝ դրանք ընդամենը այն քաղաքական գործիչների հայտարարություններն են, որոնք Սլովակիայի վերաբերյալ սեփական կարծիքն ունեն:
«Որպես նախագահ՝ ես չեմ կարող նման աղետ ցանկանալ: Ընդհակառակը, ես հաստատակամորեն հավատում և հույս ունեմ, որ դա իրականում տեղի չի ունենա, և որ դա սոսկ քաղաքական խուճապ է»,- հավելել է Սլովակիայի նախագահը:
«Այդ քայլի համար ձեռք է բերվել ամուր կոմպրոմիս Եվրախորհրդարանի պատգամավորների միջև քաղաքական ամբողջ սպեկտրում՝ պահպանողականներից մինչև ձախեր»,- ասում է բյուջետային վերահսկողության կոմիտեի անդամ, գերմանացի եվրապատգամավոր Դանիել Ֆրոյնդը («Կանաչներ» կուսակցությունից):
Denník N-ի թղթակցի հետ զրույցում Ֆրոյնդն ասել է, որ Ֆիցոյի, Օրբանի և լեհ պահպանողական Յարոսլավ Կաչինսկու միջև զուգահեռներ կան, որի երկվորյակ եղբայրը մինչև (2010 թվականի) իր մահը նմանատիպ հայացքների էր հարում:
Ֆրոյնդը երկար ժամանակ ակտիվորեն զբաղվել է իրավունքի գերակայության հարցերով և ղեկավարել է նմանատիպ ընթացակարգեր Հունգարիայի և Լեհաստանի նկատմամբ: Բյուջետային վերահսկողության կոմիտեում նա համակարգող է:
«Եվրոպական խորհրդարանի նպատակն այս դեպքում հունգարական սցենարից խուսափելն է, երբ պահանջվեց ավելի քան տասը տարի, մինչև ԵՄ-ն իրականում միջամտեց»,- ասում է Ֆրոյնդը:
Սլովակիայի դեպքում եվրապատգամավորներն ուղարկում են «վաղ նախազգուշացման ազդանշաններ՝ կանխելու համար ժողովրդավարության և իրավունքի գերակայության կործանումը, քանի որ իրադարձությունները չափազանց արագ են զարգանում»,- նշում է Ֆրոյնդը:
Այդ մոտեցումն արդեն ակնհայտ էր, երբ ներքին գործերի նախարար Մատուշ Շուտայ Էշտոկը փորձեց լուծարել Իրազեկիչների պաշտպանության գրասենյակը: Նոր օրենսդրությունն արդեն իսկ անհանգստություն էր առաջացրել Բրյուսելում նույնիսկ ընդունման փուլում:





























