ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ բացի իրենից և մի քանի այլ անձանցից, ոչ ոք չգիտի Իրանի հետ բանակցությունների ընթացքի մասին՝ ենթադրելով, որ բանակցություններն առաջ են շարժվում՝ չնայած հանրությանը թվացող լճացմանը, հաղորդում է CNN-ը: 

«Ոչ ոք չգիտի, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները, բացի ինձնից և ևս մի քանի հոգուց»,- ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում, թեև ընդունել է Իրանի ղեկավարության հարցում առկա անորոշությունը:

«Մենք խնդիր ունենք, քանի որ ոչ ոք հաստատ չգիտի, թե ովքեր են այդ առաջնորդները: Դա փոքր խնդիր է»,- նշել է նա:

Պնդելով, որ Թեհրանը «շատ է ցանկանում» գործարք կնքել՝ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի իր իրականացրած շրջափակումն աշխատում է ըստ նախատեսվածի:

«Նրանց տնտեսությունը փլուզվում է: Շրջափակումն անհավանական է: Շրջափակման ուժն անհավանական է»,- ասել է նախագահը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, ԱՄՆ նախագահը, կարծես թե, չի դիտարկում ներկայում գործող հրադադարի ռեժիմի դադարեցման և Իրանի ռմբակոծությունների վերսկսման հնարավորությունը:

«Ես վստահ չեմ, որ մենք դրա կարիքն ունենք: Հնարավոր է՝ դա մեզ պետք գա»,- եզրափակել է նա: