Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննությունը, ինքնաթիռը կործանվել էր Ակտաուի օդանավակայանի մերձակայքում, այս մասին հայտնել են գերատեսչությունից։

«Ներկայում Azerbaijan Airlines ավիաընկերությանը պատկանող Embraer 190 4K-AZ65 օդանավի ավիացիոն պատահարի հետաքննության հանձնաժողովը շարունակում է աշխատանքը՝ համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի 13-րդ հավելվածով սահմանված ստանդարտների և առաջարկվող պրակտիկայի»,- նշել են նախարարությունում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում է շարունակել կամ դադարեցնել հետաքննությունը Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարություններից հետո։

Գերատեսչությունում ընդգծել են, որ հետաքննության ավարտից հետո վերջնական հաշվետվությունը կհրապարակվի Ղազախստանի տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքում։

«Հաշվետվության մեջ կարտացոլվեն ավիացիոն պատահարի հաստատված պատճառները, ինչպես նաև հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները»,- հայտնել են նախարարությունում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, կործանվել էր ղազախական Ակտաու քաղաքի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր, որոնց թվում՝ Ադրբեջանի 37, Ռուսաստանի՝ 16, Ղազախստանի՝ 6 և Ղրղզստանի՝ 3 քաղաքացի, ինչպես նաև անձնակազմի հինգ անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, փրկվել է 29 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։