Գիտնականները, կարծես թե, մոտեցել են փափուկ ցորենի ծագման գաղտնիքի բացահայտմանը. հենց այն տեսակի, որից պատրաստվում է հացի մեծ մասը և այլ ալյուրեղեն արտադրատեսակներ: Ըստ նոր հետազոտության հեղինակների՝ այն, ենթադրաբար, հայտնվել է 8000 տարի առաջ ժամանակակից Վրաստանի և Հայաստանի տարածքում:

Փափուկ ցորենը (*Triticum aestivum*) աշխարհում ամենատարածված տեսակն է: Դրան բաժին է ընկնում այս մշակաբույսի համաշխարհային արտադրության ընդհանուր ծավալի գրեթե 95 տոկոսը: Այս հացահատիկը հսկայական դեր է խաղացել ինչպես ժամանակակից հացթուխության զարգացման, այնպես էլ հնագույն քաղաքակրթությունների առևտրի մեջ:

Գիտական աշխատանքը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Triticum aestivum-ը երկրագործության պատմության մեջ ամենահաջողված «գենետիկական միությունների» արդյունքն է, որը տեղի է ունեցել հազարավոր տարիներ առաջ, հայտնում է Naked Science-ը: Այն հեքսապլոիդ է, այսինքն՝ բույս՝ քրոմոսոմների վեց հավաքակազմով, որոնք միավորված են երեք գենոմներում՝ A, B և D: Փափուկ ցորենն առաջացել է տարբեր բույսերի մի քանի հնագույն խաչասերումների արդյունքում:

Գիտնականները, վերլուծելով ժամանակակից ցորենի սորտերի և վայրի հացահատիկների ԴՆԹ-ն, ենթադրում են, որ ցորենի հնագույն նախնին՝ Triticum urartu-ն, խաչասերվել է Aegilops speltoides-ի մոտ ազգակցի հետ: Դրանից հետո առաջացել է ցորենների տետրապլոիդ գիծը, որից սերել են մոտ ձևերը, ներառյալ՝ հաճարը (Triticum dicoccum), կարծր ցորենը (Triticum durum) և թուրանական ցորենը (Triticum turgidum): Ավելի ուշ արդեն մշակված հնագույն ցորենը խաչասերվել է վայրի Aegilops tauschii հացահատիկի հետ, և հենց այս միությունից էլ հայտնվել է ժամանակակից փափուկ ցորենը:

Երկար ժամանակ գիտնականները ենթադրություններ էին անում, թե որտեղ է առաջին անգամ սկիզբ առել Triticum aestivum-ը: Տվյալները հուշում էին, որ մշակովի ցորենի և Aegilops tauschii-ի խաչասերման առաջին փուլերը կարող էին տեղի ունեցած լինել Անդրկովկասի տարածքում: Սակայն միայն գենետիկան բավարար չէր: Հետազոտողներին պակասում էին նյութական ապացույցները՝ բույսերի հնագույն մնացորդները, որոնք հնարավոր կլիներ վստահորեն կապել հենց փափուկ ցորենի հետ:

Հնագետների և մարդաբանների միջազգային թիմը՝ Վրաստանի ազգային թանգարանից Նանա Ռուսիշվիլիի ղեկավարությամբ, փորձել է գտնել Triticum aestivum-ի նյութական հետքերը Վրաստանում: Քարի դարի երկու բնակավայրերի՝ Գադաչրիլի գորայի և Շուլավերի գորայի (հայաբնակ Շահումյան գյուղի մոտ) հետազոտության ժամանակ Ռուսիշվիլին և նրա գործընկերները մաղել են հողը և ուսումնասիրել բույսերի ածխացած մնացորդները:

Խնդիրը հեշտերից չէր: Կրակի ազդեցությունից հետո փափուկ ցորենի և այլ տեսակների, օրինակ՝ կարծր ցորենի հատիկները դառնում են շատ նման: Արտաքին տեսքով դրանք տարբերելը դժվար է: Ուստի հնագետները կենտրոնացել են ոչ թե հատիկների, այլ բույսի մեկ այլ կառուցվածքի վրա:

Մասնագետներն ուսումնասիրել են ռախիսը՝ հասկի կենտրոնական առանցքը, որին ամրանում են հասկիկները: Ցորենի տարբեր տեսակների մեջ այս մասը տարբերվում է իր ձևով: Հենց դա էլ օգնեց զատել փափուկ ցորենը մոտ ազգակից մշակաբույսերից:

Ուսումնասիրելով տասնյակ բեկորներ՝ հետազոտողները առանձնացրել են նրանք, որոնք պատկանում են հենց Triticum aestivum-ին: Ռուսիշվիլին և նրա թիմը ճանաչել են փափուկ ցորենի ռախիսը կորացած կողերով և բարակ եզրերով: Այնուհետև ռախիսի հետ հայտնաբերված հատիկներն ուղարկվել են ռադիոածխածնային անալիզի, որը ցույց է տվել տարիքը՝ մեր թվարկությունից առաջ 5800–6000 թվականներ:

Նման արդյունքները հիմնավորում են այն վարկածը, որ Անդրկովկասը, նախևառաջ ժամանակակից Վրաստանի և Հայաստանի տարածքները, կարող էին լինել փափուկ ցորենի հայտնվելու առաջին վայրերից մեկը: Նոր հնագիտական գտածոները ժամանակագրությամբ և աշխարհագրությամբ համընկնում են նախկինում ստացված գենետիկական տվյալների հետ, որոնք մատնանշում էին այս տարածաշրջանը որպես դրա վայրի և վաղ ընտելացված նախնիների ծագման հավանական տիրույթ: