ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զգալիորեն կկրճատի իր ռազմական ներկայությունը Գերմանիայում՝ սրելով վեճը կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, հայտնում է CBS News-ը։

Պենտագոնը ուրբաթ սկզբնապես հայտարարել էր, որ Գերմանիայից դուրս կբերի շուրջ 5000 զինծառայողի, սակայն երբ շաբաթ օրը Թրամփին հարցրել են այդ քայլի պատճառի մասին, նա հրաժարվել է բացատրություն տալուց և ասել է, որ սպասվում է էլ ավելի մեծ կրճատում։ «Մենք պատրաստվում ենք զգալիորեն կրճատել զորքերի թվաքանակը։ Եվ մենք կրճատում ենք շատ ավելի մեծ չափով, քան 5000 մարդը»,- Ֆլորիդայում լրագրողներին ասել է Թրամփը։

Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, կարծես թե, հանգիստ էր ընդունել այն լուրը, որ 5000 ամերիկացի զինծառայող կլքի իր երկիրը։ Պիստորիուսն ասել էր, որ այդ կրճատումը, որով Թրամփը սպառնում էր երկար տարիներ, սպասելի էր, և որ եվրոպական երկրները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն իրենց սեփական պաշտպանության համար։

Սակայն նա նաև ընդգծել էր նաև, որ անվտանգության ոլորտում համագործակցությունը շահավետ է տրանսատլանտյան գործընկերության երկու կողմերի համար։

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները ուրբաթ CBS News-ին տված հարցազրույցում 5000 զինծառյողով զորքերի կրճատումը բնութագրել են որպես Թրամփի դժգոհության ազդակ՝ կապված այն աջակցության մակարդակի հետ, որը եվրոպացի դաշնակիցները առաջարկել են ամերիկա-իրանական պատերազմում։ Թրամփը հրապարակայնորեն քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունների առաջնորդներին այն բանի համար, որ նրանք անմիջական մասնակցություն չեն ունեցել պատերազմին։