Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հարված է ամբողջ Եվրոպային։
Մերցը նշել է, որ ԱՄՆ-ի նոր ներմուծման մաքսատուրքերը չի դիտարկում որպես միջոց, որն ուղղված է հատկապես Գերմանիայի դեմ։ «Նա ուզում է հարվածել ամբողջ Եվրոպային», - ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԳԴՀ կանցլերը։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ամերիկյան նախագահը «արդարացիորեն փոքր-ինչ հիասթափված է» այն բանից, որ ԵՄ-ն այդպես էլ մինչև վերջ չի հասցրել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը, որը համաձայնեցվել էր 2025 թվականի օգոստոսին։ Եվրոպական խորհրդարանում մինչ օրս պահպանվում է այդ փաստաթղթի նկատմամբ դիմադրությունը։
Ինչպես պարզաբանել է Գերմանիայի կառավարության ղեկավարը, Թրամփը կորցնում է համբերությունը, քանի որ եվրոպական կողմը մշտապես ձևակերպում է նորանոր պայմաններ։ «Ամերիկացիներն ամեն ինչ պատրաստել են, իսկ եվրոպացիները՝ ոչ», - պնդել է կանցլերը։ «Ուստի ես ցանկանում եմ, որ մենք հնարավորինս արագ այստեղ հասնենք համաձայնության», - ամփոփել է Մերցը։
Մայիսի 1-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթվանից ամերիկյան շուկա մատակարարվող ավտոմեքենաների և բեռնատարների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կբարձրացնի մինչև 25%։





























