Ռուսաստանի և ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականության ֆոնին ԵՄ-ն և Հայաստանը ցուցադրում են ռազմավարական կապերի խորացում։ Դա խթանում է միության ընդլայնման նկատմամբ հետաքրքրությունը։

Ինչպես հայտնում է Euobserver-ը, երեքշաբթի օրը (մայիսի 5-ին) Երևանում կայացած ԵՄ-Հայաստան պատմական առաջին գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինվորական նվագախմբի ուղեկցությամբ հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համար։

Կողմերը ստորագրել են նաև վեց էջանոց հռչակագիր՝ այն որակելով որպես երկկողմ հարաբերությունների «պատմական հանգրվան»։ Փաստաթղթով նախանշվել են Հայաստանի արևային էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, ինչպես նաև արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում ԵՄ ներդրումային ծրագրերը։

«Global Gateway ռազմավարության շրջանակում ակնկալվում է, որ ԵՄ ներդրումները Հայաստանում կհասնեն 2,5 միլիարդ եվրոյի»,- ասված է փաստաթղթում։

Երեքշաբթի օրը կայացած գագաթնաժողովը դարձել է վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանի ազդեցության գոտուց Հայաստանի աստիճանական դուրս գալու ամենանշանակալի ցուցիչը։

Փաշինյանը նշել է, որ ԵՄ ներդրումային ծրագիրը, ինչպես նաև իրավական և արդյունաբերական ոլորտներում մերձեցումը կօգնեն երկրին մոտենալ միությանն ապագա անդամակցությանը։

«Եթե Եվրոպական միությունը մի օր ընդունի մեզ, մենք դրա համար շատ ուրախ կլինենք և կվերաբերվենք մեծ խանդավառությամբ»,- ասել է նա։

Ֆոն դեր Լայենը հայտարարել ե․ «Ձեր 2018 թվականի խաղաղ թավշյա հեղափոխությունը ցույց տվեց երկրի հավատարմությունը եվրոպական առանցքային արժեքներին՝ ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և հիմնարար ազատություններին»։

Նա նաև հիշատակել է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հարցում գրանցված առաջընթացը և Հայաստանում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում խոստացել է օգնել Փաշինյանին պայքարել ռուսական ապատեղեկատվության դեմ։

«Սիրելի Նիկոլ, դուք… արմատապես փոխել եք ժողովրդավարական պայմանները ձեր երկրում», — հավելել է Կոշտան։

«Ես ուզում եմ ընդգծել ժողովրդավարական, կայուն և բարգավաճ Հայաստանի ձեր տեսլականը», — ասել է նա։ 

Նոր խթան ԵՄ ընդլայնմանը

Երևանյան գագաթնաժողովն ընթանում է ԵՄ ընդլայնման նոր թափի ֆոնին. փոքր և գաղափարակից երկրները միավորվում են՝ ի պատասխան Եվրոպայում Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի և նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի անկայուն քաղաքականության։

Ուկրաինան և Մոլդովան ակնկալում են ԵՄ անդամակցության բանակցություններում առաջընթաց գրանցել արդեն այս տարի։ Դա տեղի է ունեցել մայիսին Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի նոր կառավարության իշխանության գալուց հետո, որը, ինչպես սպասվում է, կհանի Ուկրաինայի անդամակցության վրա Հունգարիայի նախկին վետոն։

Եվրոպայի հյուսիսում գտնվող Իսլանդիան օգոստոսի 29-ին հանրաքվե կանցկացնի ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները վերսկսելու հարցով։

Արևմտյան Բալկաններում Ալբանիան և Չեռնոգորիան զգալիորեն առաջ են անցել բանակցություններում և հույս ունեն անդամակցել 2028-2029 թվականներին։ Այս ամենիզ զատ առաջ է քաշվում նաև այն հանգամանքը, որ Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան բախվում են ներքին և երկկողմ վեճերի հետ։

Թուրքիայի և Վրաստանի հետ անդամակցության բանակցությունները փաստացի սառեցված են՝ ժողովրդավարական կառավարման խնդիրների պատճառով։

Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաքրքրություն է հայտնել Կիպրոսի հետ տարաձայնությունները հաղթահարելու և անդամակցության գործընթացը վերսկսելու համար։

«Կիպրոսի հարցով տարաձայնությունները դարձել են ԵՄ մեր ճանապարհի արգելափակման պատճառը։ Հարցը ոչ թե այն է, թե որտեղ է գտնվում Անկարան, այլ այն, թե Բրյուսելն ինչ տեղ է ցանկանում զբաղեցնել ապագա համաշխարհային կարգում», — երեքշաբթի ասաց նա։

Սերբիան և Վրաստանն ունեն ռուսամետ կառավարությունները, սակայն այնտեղ նույնիսկ նկատվում են զանգվածային եվրոպամետ բողոքի ցույցեր, ինչը վկայում է այդ վարչակարգերի անկայունության մասին։

Միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական անկայունությունն ուժեղացրել է նաև Կանադայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում և Միացյալ Թագավորությունում ԵՄ-ի հետ ավելի սերտ տնտեսական և պաշտպանական կապեր հաստատելու նկատմամբ հետաքրքրությունը։

Ըստ ընդլայնման ամենալավատեսական սցենարի՝ ԵՄ-ն կարող է արդեն 2028 թվականին ընդունել Ալբանիային, Իսլանդիային և Չեռնոգորիային, իսկ Ուկրաինան կարող է նրանց միանալ արդեն 2029 թվականին։

ԵՄ երկարաժամկետ մոտեցումը

Միևնույն ժամանակ, Հայաստանը դեռևս պաշտոնապես անդամակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը, որից նա ստիպված կլինի հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու համար։

Այնուամենայնիվ, երկիրն արդեն միացել է Միջազգային քրեական դատարանին, որը Պուտինի ձերբակալության օրդեր է տվել ռազմական հանցագործությունների համար, և դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։

Ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է. «Մենք ակտիվորեն խրախուսում ենք եվրոպական ընկերություններին ներդրումներ կատարել այստեղ»։

Կոշտան ընդգծել է, թե որքան հաստատակամ է Եվրոպան Հայաստանի բարեկեցության հարցում։ Նա հիշեցրել է այն բարդ տարիները, որոնք հաջորդել են 2013 թվականի տխրահռչակ հանդիպմանը, երբ Պուտինը ստիպել էր Փաշինյանի նախորդին՝ Սերժ Սարգսյանին, հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից։

«Եվրոպական միությունը կարևոր և երկարաժամկետ գործընկեր է Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար... Հայաստանը կարող է հույս դնել ԵՄ-ի վրա՝ վերափոխումների այս ճանապարհին», — ասել է Կոշտան։