2025 թվականին արձանագրվել են դեպքեր, երբ բանկային համակարգում առկա թույլ անվտանգության մեխանիզմների հետևանքով քաղաքացիները զրկվել են իրենց դրամական միջոցներից։ Այս մասին մայիսի 6-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, պատգամավորների հարցերին պատասխանելով, հայտարարել է գերատեսչության ղեկավար Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ այդ դեպքերը կապված են եղել մի շարք բանկերում իրականացվող վերահսկողական մեխանիզմների անբավարարության հետ։ «Կային քաղաքացիներ, որոնք նախկինում նույնիսկ հնարավորություն չեն ունեցել վարկ ստանալու, սակայն խարդախ գործողությունների և թվային գործիքների ոչ պատշաճ պաշտպանվածության հետևանքով նրանց անուններով ձևակերպվել են վարկեր»,- պարզաբանել է Վարդապետյանը։
Նա ընդգծել է, որ վերոնշյալ քաղաքացիները չեն կատարել որևէ գործողություն, որը կարող էր նպաստել խարդախությանը։ «Այս անձինք որևէ կերպ չեն ազդել իրավիճակի վրա, որևէ տվյալ չեն փոխանցել և որևէ հղմամբ չեն անցել»,- նշել է գլխավոր դատախազը։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ուղարկել Կենտրոնական բանկի նախագահին։ Քննարկումներ են անցկացվել նաև Հայաստանի բանկերի միության հետ։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս վարույթների շրջանակում տուժող են ճանաչվել բանկերը, թեև սկզբնական փուլում իրավապահ համակարգը չէր համաձայնում նման մոտեցման հետ։ «Իրավապահ մարմիններն այլ տեսակետ ունեին»,- նկատել է Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով միջնորդություններ են ուղարկվել բանկերին՝ անվտանգության համակարգերը խստացնելու պահանջով։ «Մի քանի ամիս անց բանկային համակարգում առկա բոլոր այդ խոցելի կետերը վերացվել են»,- հավաստիացրել է գլխավոր դատախազը՝ հավելելով, որ դրանից հետո նմանատիպ խարդախ սխեմաներ այլևս չեն արձանագրվել։
Միևնույն ժամանակ Աննա Վարդապետյանը հայտարարել է, որ կիբեռխարդախության մյուս դեպքերը հիմնականում կապված են հենց քաղաքացիների անբավարար թվային գրագիտության հետ։ Մասնավորապես՝ քաղաքացիներն իրենք են տրամադրում որոշակի կոդեր և անցնում որոշակի հղումներով։
Գլխավոր դատախազը նաև հայտնել է, որ բանկերին առաջարկվել է ներգրավել լրացուցիչ աշխատակիցներ, որոնք հեռախոսազանգերի միջոցով կարող էին ճշտել կասկածելի գործարքները։ Միաժամանակ նա նշել է, որ դա գործնականում չափազանց դժվար է իրականացնել բոլոր գործարքների նկատմամբ։
Աննա Վարդապետյանի խոսքով՝ վերջին մեկ տարում Գլխավոր դատախազությունում ստեղծվել է առանձին ստորաբաժանում, որը զբաղվում է բացառապես կիբեռհանցագործություններով։ Մասնագիտացված դատախազները մշտապես մասնակցում են միջազգային սեմինարների և վեբինարների (իրազեկվածության բարձրացման նպատակով)։ Գլխավոր դատախազի գնահատմամբ՝ վերջին տարիներին և ամիսներին կիբեռհանցագործությունների քննության որակը զգալիորեն բարելավվել է։



























