Հայ-ղազախական հարաբերությունները որակական վերափոխման փուլ են թևակոխում՝ ավանդական փոխգործակցությունից անցում կատարելով խորը ռազմավարական դաշինքի ձևաչափին։ Հենց այս վեկտորն էլ կանխորոշել է ապրիլի 6-ին Երևանում մեկնարկած «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև փոխգործակցության արդի հարցերի քննարկում» փորձագիտական միջոցառման ընթացքը։ Հանդիպման մասնակիցները կենտրոնացել են երկկողմ օրակարգի առանցքային ասպեկտների վրա՝ առևտրատնտեսական համագործակցություն, անվտանգության խնդիրներ և տարածաշրջանի նոր լոգիստիկ քարտեզի ձևավորում։
Բացելով քննարկումը՝ Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի վարչության նախագահ Միհրան Շահնազարյանը մատնանշել է հիմնական թեմաները՝ ընդգծելով, որ տրանսպորտային-տարանցիկ կապը, լոգիստիկան և անվտանգության հարցերն այսօր այն օրակարգային կետերն են, որոնք առնչվում են բոլոր խաղացողների շահերին։ Նրա խոսքով՝ հենց այս ուղղություններն են դառնալու Երևանի և Աստանայի հետագա մերձեցման հիմքը։
Բացման շրջանակում Ղազախստանի դեսպանատան ներկայացուցիչը ընթերցել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի ողջույնի ուղերձը։ Դիվանագիտական առաքելության ղեկավարի ուղերձում նշվում էր. «Կայուն քաղաքական երկխոսություն է հաստատվել, որը բնութագրվում է բարձրագույն և բարձր մակարդակներում կանոնավոր շփումներով, ինչը ամուր հիմք է ստեղծում երկկողմ օրակարգի հետևողական զարգացման համար»։
Դեսպանի ուղերձում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ 2024 թվականին Հայաստան կատարած այցին, որը ընդհատել էր 23-ամյա դադարը։ «Այս այցը ցույց տվեց արտաքին քաղաքականության հավասարակշռվածությունն ու պրագմատիզմը՝ նպաստելով վստահության ամրապնդմանը և ավելի սերտ անձնական շփումների հաստատմանը», - ընդգծվում էր ուղերձի տեքստում։
Խոսելով հեռանկարների մասին՝ դեսպանը իր ուղերձի միջոցով առանձնացրել է տրանսպորտային նախագծերի համակցումը։ Նշվել է, որ Ղազախստանը աջակցում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և շահագրգռված է մասնակցել տարածաշրջանի բարգավաճմանը նպաստող նախագծերին։ Այս ջանքերի ինտեգրումը «Հյուսիս-հարավ» միջանցքի հետ Հայաստանին թույլ կտա նշանակալի տեղ զբաղեցնել մատակարարման շղթաներում՝ ապահովելով պարենային և բժշկական անվտանգությունը։
Շարունակվող միջոցառման ընթացքում փորձագետները քննարկում են գլոբալ լոգիստիկայի վերափոխման հետևանքով առաջացած «հնարավորությունների պատուհանի» օգտագործումը։ Ինչպես ընդգծվել է ողջույնի խոսքում, Ղազախստանի զարգացած ենթակառուցվածքների և Հայաստանի տեխնոլոգիական փորձագիտության համադրությունը կստեղծի սիներգետիկ ազդեցություն և կուժեղացնի տնտեսությունների փոխլրացվողությունը՝ ամրագրելով Երևանի դերը որպես Հարավային Կովկասի առանցքային տարանցիկ հանգույց։





























