Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը և Դանիել Իոաննիսյանին դիտորդական առաքելության մանդատից զրկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը։ Դրան զուգահեռ, ԿԸՀ-ն կոչ է արել հեռացնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին բացասական հրապարակումները և չկրկնել դրանք։

Ներկայացնելով որոշումը՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշել է, որ հանձնաժողովն այն կայացնելիս փորձել է պատասխանել հետևյալ հարցերին․ արդյո՞ք դիտորդն իրավունք ունի իր էջում հրապարակել հանրային տիրույթում արդեն իսկ հայտնված տեղեկությունը, եթե, իր կարծիքով, այն չի հանդիսանում ընտրական գործընթացի այս կամ այն մասնակցի քարոզչություն կամ հակաքարոզչություն, և արդյո՞ք կազմակերպության մեկ ներկայացուցչի կողմից նյութի տարածումը կամ հրապարակումն այս կամ այն ձևով կարող է դիտարկվել որպես ամբողջ կազմակերպության անունից արված հայտարարություն։

Նրա խոսքով՝ քննարկելով վերոնշյալ հարցերը՝ ԿԸՀ-ն ընդգծել է այն փաստը, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ դիտորդական առաքելությունները գործընթացին ներգրավվում են անկողմնակալ, անկախ և օբյեկտիվ գնահատական տալու համար։ Նրանց մասնակցության նպատակն է՝ նպաստել օրինականության ապահովմանն ու գործընթացի հանդեպ վստահության ամրապնդմանը։

«Այս նպատակներին հնարավոր է հասնել միայն այն դեպքում, երբ դիտորդներն ու դիտորդական առաքելությունները դրսևորում են քաղաքական չեզոքություն և անկողմնակալություն։ Դրա համար դիտորդները պետք է խուսափեն ցանկացած այնպիսի գործողությունից ու հայտարարությունից, որոնք կարող են մեկնաբանվել որպես աջակցություն կամ ընդդիմացում այս կամ այն քաղաքական ուժին»,— նշել է նա։

Անդրադառնալով կոնկրետ իրավիճակին, որը հիմք էր հանդիսացել կուսակցության դիմումի համար, Հովակիմյանը հավելել է. «Հրապարակված նյութը տեղեկություններ է պարունակել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Էդմոն Մարուքյանի վերաբերյալ։ Բացի այդ, հրապարակման մեջ եղել են դիտորդի անձնական գնահատականները՝ զարմանքի արտահայտման տեսքով։ Դրան զուգահեռ, թեև նշվում է, որ հրապարակված տեղեկատվության սկզբնաղբյուրը դիտորդ Դանիել Իոաննիսյանը չէ, սակայն դիտորդի կողմից քաղաքական ուժի և թեկնածուի մասին տեղեկության տարածումն արդեն իսկ իրավական հիմք է նրա վարքագիծը գնահատելու համար»։

ԿԸՀ որոշման մեջ նշվում է, որ դիտորդական առաքելության ներկայացուցիչները նյութի տարածումը հակաքարոզչություն չեն համարում, ինչպես նաև ընդգծվում է, որ տվյալ հրապարակման միակ գնահատողական տարրը դիտորդի կողմից արտահայտված զարմանքն է եղել։ Մինչդեռ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները շեշտում են, որ հրապարակումը լուրջ հարված է հասցրել կուսակցության հեղինակությանը և անհավասար պայմաններ ստեղծել քաղաքական մրցակիցների մեջ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է, որ ընտրական գործընթացի տարբեր մասնակիցների կողմից միևնույն երևույթի տարբեր ընկալումները վկայում են Ընտրական օրենսգրքի պահանջների խստիվ պահպանման անհրաժեշտության մասին, համաձայն որոնց՝ թեկնածուները, կուսակցություններն ու դաշինքները չպետք է դառնան հանրային կանխակալ գնահատականների կամ նախապատվելի վերաբերմունքի դրսևորման օբյեկտ։

Այս կապակցությամբ ԿԸՀ-ն ընդգծում է, որ դիտորդներն ու դիտորդական առաքելությունները պետք է ձեռնպահ մնան ընտրություններին մասնակցող թեկնածուներին, կուսակցություններին կամ դաշինքներին առնչվող որևէ տեղեկության, հրապարակման տարածումից կամ մեկնաբանությունների այլ ձևերից։

Քննելով այս հարցը՝ հանձնաժողովը նաև մատնանշել է, որ դիտորդի կողմից տեղեկատվության ցանկացած տարածում կամ հրապարակում կոնկրետ վարչական վարույթի փաստական հանգամանքների գնահատման շրջանակներում կարող է դիտարկվել որպես հենց այն կազմակերպության գործողություն, որն էլ նրան առաջադրել էր հավատարմագրման համար։

«Գնահատելով գործի շրջանակներում ներկայացված հանգամանքներն ու կողմերի դիրքորոշումները՝ ԿԸՀ-ն հանգել է այն եզրակացության, որ քննարկվող դեպքում չի հաստատվել դիտորդ Դանիել Իոաննիսյանի՝ թեկնածու Էդմոն Մարուքյանի կամ ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերի նկատմամբ կանխակալ վերաբերմունք կամ նախապատվություն արտահայտելու դիտավորությունը»,- հայտարարել է Հովակիմյանը։

Միևնույն ժամանակ, նա շարունակել է, որ հանձնաժողովը շեշտում է, որ դիտորդների ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը կարող է մեկնաբանվել որպես թեկնածուների, կուսակցությունների կամ դաշինքների նկատմամբ նախապատվության կամ կանխակալության դրսևորում, պետք է իսպառ բացառվի դիտորդական առաքելությունների գործելաոճից ու նրանց վարքագծից։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվի առնելով ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության ապահովման գործում դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը, արձանագրել է, որ համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը հավատարմագրումից զրկելը կամ տվյալ դիտորդի տվյալները ԿԸՀ-ի կողմից հավատարմագրված անձանց ցուցակից հեռացնելը ծայրահեղ միջոց է։

Հանձնաժողովի կարծիքով՝ նշված բացասական հետևանքները կարող են կիրառվել միայն այն դեպքերում, երբ կոնկրետ վարչական վարույթի շրջանակներում ապացուցվում է դիտորդի կողմից վարքագծի կանոնագիրքը չպահպանելը, քաղաքական ոչ կոմպետենտությունը կամ քաղաքական չեզոքության բացակայությունը, ինչպես նաև դիտորդի կամ դիտորդական կազմակերպության կողմից քարոզչության, հակաքարոզչության, կանխակալ դիրքորոշման կամ միտումնավոր նախապատվելի վերաբերմունքի դրսևորման նշանների առկայությունը»,- հայտարարել է նա։

Հովակիմյանի խոսքով՝ ԿԸՀ-ն եկել է այն եզրակացության, որ դիտորդական կազմակերպությունը պետք է միջոցներ ձեռնարկի իր դիտորդ Դանիել Իոաննիսյանի կողմից Էդմոն Մարուքյանի վերաբերյալ կատարված հրապարակումներն ու նյութերը, ինչպես նաև դրանց հետ կապված մյուս գրառումները հեռացնելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, ԿԸՀ-ն տվյալ հրապարակումը համարում է խնդրահարույց, սակայն նշում է, որ սա եզակի դեպք է և չի հասնում այն սահմանագծին, որից հետո հնարավոր է դիտորդին կամ կազմակերպությանը զրկել հավատարմագրումից։ Ընդ որում, նմանօրինակ հրապարակումների կրկնությունը կամ նույն կազմակերպության այլ դիտորդների կողմից համանման գործողությունները կարող են որակվել որպես քաղաքական չեզոքության խախտում, այդ թվում՝ խմբակային ձևով, և հեռանկարում հիմք դառնալ կազմակերպությանը հավատարմագրումից զրկելու հարցը քննարկելու համար։

Ելնելով դրանից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 47-49-րդ հոդվածներով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ անկախ դիտորդական միավորման անդամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը հավատարմագրումից զրկելու հիմքերը բավարար չեն։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից։ Այն կարող է երեք օրվա ընթացքում բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։