Մոսկվայում առաջիկայում հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար կարող են փակվել մոտ մեկ տասնյակ հայտնի գիշերային ակումբներ:
Ինչպես հաղորդում է «Վեստին», վկայակոչելով Մոսկվայի Կենտրոնական վարչական օկրուգի պրեֆեկտ Ալեքսեյ Ալեքսանդրովին, ստւգումներն ընթանում են երկրի ողջ տարածքում, շուրջօրյա:
Նրա խոսքով, դատարանը կարող է փակել այս կամ այն հաստատությունը 90 օրով. «Մենք պետք է այս հարցը տանք մեզ՝ ի՞նչ է կատարվում այդ 90 օրից հետո: Այն բացվում է առանց շրջանային, քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցման»:
Ըստ նրա՝ թեեւ ակումբները, որպես կանոն, նախատեսված են մի քանի հարյուր հոգու համար, մտնել այդ հաստատություն հնարավոր է նեղ աստիճաններով, որոնց վրա դժվար է կանգնել անգամ երկու հոգու: Գիշերային բարերի մեծ մասը չի համապատասխանում արտակարգ իրավիճակներւմ մարդկանց տարհանելու անվտանգության տարրական կանոններին:
«Էխո Մոսկվիի» տվյալներով, արդեն այսօր շրջանային դատարանները հրահանգել են դադարեցնել երեք ակումբների եւ ռեստորանների՝ Up & Down, «Դիալիտ» եւ «Մարտինիկա» գործունեությունը համապատասխանաբար՝ 30 եւ 90 օրով:
Հիշեցնենք, որ ստուգումների ալիքը սկսվեց դեկտեմբերի 5-ին Պերմի ակումբներից մեկում բռնկված սարսափելի հրդեհից հետո: Միջադեպի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 139-ի, ավելի քան հարյուրը ծանր մարմնական վնասվածքներով գտնվում են հիվանդանոցներում:




























