Այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահ Մեհմեդ Ալի Թալաթն օրերս հայտարարել է, թե դեմ է հունական Կիպրոսի համար թուրքական նավահանգիստների եւ օդանավակայանների միակողմանի բացմանը, գրում է թուրքական Today’s Zaman-ը: Համաձայն պարբերականի՝ Թալաթն իր դիրքորոշումը բացատրում է նրանով, որ այդ դեպքում հույն կիպրացիները կսկսեն մտածել, թե կարող են զիջումների հասնել առանց կղզում խաղաղություն հաստատելու: Նավահանգիստների եւ օդանավակայանների բացումը պետք է համընկնի համապատասխան որոշմանը կամ թուրք կիպրացիների մեկուսացման վերացմանը:
ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Թուրքիային՝ բացել իր նավահանգիստներն ու օդանավակայանները, սակայն միշտ մերժում է ստացել: Սակայն այժմ ամեն ինչ կարող է փոխվել, քանի որ Լոնդոնում վարչապետ Գորդոն Բրաունի հետ հանդիպումից հետո Թալաթը հայտարարել է, թե լավ հնարավորություններ կան որոշման հանգելու, քանի որ հունական Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասն ու ես ցանկանում ենք դա: Ինչ վերաբերում է կղզուց թուրքական զորքերի դուրս բերմանը, դա կլինի միայն երբ բոլոր հարցերը հանվեն: Եթե ժամանակին ընդունվեր Քոֆի Անանի ծրագիրը, Կիպրոսում թուրքական զորքեր չէին լինի արդեն":
Հիշեցնենք, որ Կիպրոսը զավթվել է թուրքական զորքերի կողմից 1974թ.-ին: Քոֆի Անանի ծրագիրը նախատեսում էր Միացյալ Կիպրական Հանրապետության ստեղծում՝ բաղկացած երկու ինքնավար հատվածներից, որը կմիավորեր կղզու բոլոր հատվածները՝ բացառությամբ բրիտանական ռազմաբազաների մասը: Ամեն 10 ամիսը մեկ կփոխվեին նախագահն ու փոխնախագահը, իսկ նախագահությունում կլինեին 4 հույն եւ 2 թուրք:




























