Երեւանի Էրեբունի-Շենգավիթ վարչական շրջանի թիվ 12 ընտրատարածքի Խաղաղ Դոնի 1-ին շենքի դիմացի  «բաստուրմայի» ցեխում  ընտրակաշառք է բաժանվել: Այս  մասին NEWS.am-ին թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Գոհար Վեզիրյանը, ով եւս  այնտեղ է մեկնել ահազանգ ստանալուց հետո:

Նրա խոսքով, նկարահանող խմբի հետ միասին մեկնել են դեպքի վայր, սակայն իրենց տեսնելուն պես «Մերսեդես Բենց» մակինիշի 47 TL 777 համարանիշի  մեքենան, որը  կանգնած է եղել բաստուրմայի ցեխի մոտ, արագ մտել է ներս եւ դուռը հետեւից շխկացնելով փակել: «Ես վազեցի  ձեռքս գցեցի բռնակին, բայց արդեն դուռը  ներսից կողպել էր, իսկ պատուհաները ներսի երիտասարդները «ժալյուզիով» փակեցին: Դատախազությանը ահազանգեցինք, սակայն  պարզվեց, որ ահազանգին ծանոթ էին»,- նշեց Գոհար Վեզիրյանը, հավելելով, որ իրենք սպասել են, մինչեւ դեպքի վայր են եկել դատախազության եւ ոստիկանության ներկայացուցիչները: 

Վերջինս նշեց , որ չի հասկացել գումարը ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն են բաժանում, քանի որ ներսից դուռը կողպել էին: «Հետո 47 TL 777 մեքենայի վարորդը  տպավորություն ստեղծելով, թե նոր է արթնացել քնից, եկավ, սակայն ոստիկանությունը նրան տարավ բաժին: Բացի այդ,  ոստիկանությունը տվյալ տարածքում շարունակում է  վերահսկողությունը, քանի որ մի քանի երիտասարդ էլ դիմել էին փախուստի»,- նշեց Գոհար Վեզիրյանը: Նա նաեւ նշեց, որ «Վիրահայերի միասնություն» կազմակերպության գրասենյակից էլ ահազանգ ունեն, որ ընտրակաշառք է բաժանվում, սակայն հենց ինքը գնում է ահազանգի հասցեով, ընտրակաշառք բաժանելը դադարեցնում են եւ իր հեռանալուց հետ նորից վերսկսում:

«Էդ մարդկանց, որ տեսնեք հագնված, երեկոյան զգեստներով բանով կանգնած են  էդ փող բաժանող կետերի մոտ: Բայց, երբ լրագրողները, դատախազության ներկայացուցիչները, ոստիկանները հեռանում են, նրանք շարունակում են գումար բաժանել: Էդ փողի բաժանման կետերի մոտ խումբ-խումբ մարդիկ հավաքված կանգնած են», ավելացրեց Գոհար Վեզիրյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գոհար Վեզիրյանի պաշտոնական կայքէջը ահազանգել է, որ ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի համար Կադաստրի շենքի հարեւանությամբ գտնվող բիլիարդանոցում այս պահին 10 հազարական դրամ են բաժանում: Ոստիկանության Էրեբունիի բաժնում ընդունվել եւ գրանցվել է Գոհար Վեզիրյանի կողմից արված հայտարարությունը:

Ոստիկանության կողմից ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ` պարզելու տեղեկության հավաստիությունը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի