Շվեյցարիայում Վաշինգտոնի և Թեհրանի միջև կայացած բանակցություններից հետո պարզ է դարձել, որ Իրանի ապասառեցված ֆինանսական միջոցները կարող են ծախսվել բացառապես ԱՄՆ-ից սննդամթերք գնելու համար։ Հունիսի 22-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ապասառեցված գումարներով սնունդ է գնվելու, ընդ որում՝ բացառապես Միացյալ Նահանգներից՝ մեր ֆերմերներից»,— նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քաղաքական գործչի խոսքով՝ այդ միջոցներով հիմնականում գնվելու է սոյա, եգիպտացորեն և գյուղատնտեսական այլ արտադրանք։

ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) ընդհանուր արտոնագիր է հրապարակել, որով ժամանակավորապես թույլատրում է իրանական նավթի հետ կապված գործարքները։ Ըստ այս փաստաթղթի՝ մինչև օգոստոսի 21-ը թույլատրվում են բոլոր այն տրանսակցիաները, որոնք անհրաժեշտ են իրանական նավթի ու նավթամթերքի արդյունահանման, վաճառքի, մատակարարման և բեռնաթափման համար։ Այս թույլտվությունը տարածվում է նաև ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող նավերի հետ գործառնությունների վրա։

Հունիսի 17-ին ԱՄՆ-ն ու Իրանը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր են ստորագրել։ Փաստաթղթով նախատեսվում է, որ կողմերը 60 օրվա ընթացքում պետք է համաձայնության գան պատերազմն ավարտելու շուրջ։ Սակայն արդեն հունիսի 20-ին Իրանը նորից հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին՝ պատճառաբանելով Լիբանանում Իսրայելի իրականացրած գործողությունները։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է կործանել Իսլամական Հանրապետությունը։