Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ըստ որի՝ Սաուդյան Արաբիայի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում համաձայնագիրը պետք է հաստատվի միայն այն դեպքում, եթե Էր Ռիադը միանա Աբրահամի համաձայնագրերին։
«Ինչպես ասել է նախագահ Թրամփը, Սաուդյան Արաբիայի միանալը Աբրահամի համաձայնագրերին պատմական քայլ կլինի դեպի խաղաղություն Մերձավոր Արևելքում», - ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարությունում։
Նեթանյահուի գրասենյակից նշել են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ գործողությունները, ինչպես նաև Թեհրանի աջակցությունը վայելող խմբավորումների թուլացումը պայմաններ են ստեղծել Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընդլայնելու համար։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Էր Ռիադի միջև ատոմային էներգետիկայի զարգացման համաձայնագիրը կհաստատվի միայն այն դեպքում, եթե Սաուդյան Արաբիան միանա Աբրահամի համաձայնագրերին։
Հուլիսի 22-ին ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարներ Քրիս Ռայթը և Աբդել Ազիզ բեն Սալման Ալ Սաուդը ստորագրել են համապատասխան համաձայնագիրը։ Փաստաթուղթն արդեն ուղարկվել է ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը և նախատեսում է երկարաժամկետ համագործակցություն, որը հնարավորություն կտա ամերիկյան ընկերություններին մասնակցել Սաուդյան Արաբիայի ատոմային էներգետիկայի զարգացմանը։




























