Ոչ առեւտրային նպատակներով ֆիզիկական անձինք 2012 թ. մարտին Հայաստան են փոխանցել 107 մլն դոլար, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Նշենք, որ նախորդ տարվա մարտին տրանսֆերտները կազմել են մոտ 102 մլն դոլար, իսկ այս տարվա փետրվարին` 95 մլն դոլար:

Հունվար-մարտի կտրվածքով Հայաստան մուտք է գործել 277 մլն դոլարի տրանսֆերտ` մոտ 10%-ով գերազանցելով 2011 թ. հունվար-մարտի ցուցանիշը: Ռուսաստանը շարունակում է մնալ տրանսֆերտների հիմնական աղբյուրը` այդ երկրից առաջին եռամսյակում մուտք է գործել մոտ 225 մլն դոլար, որը մոտ 30 մլն դոլարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ԱՄՆ-ից մուտք լինող տրանսֆերտները գրեթե չեն փոխվել` մնալով մոտ 18 մլն դոլարի սահմաններում:

Որպես տրանսֆերտների աղբյուր այս տարի երրորդ տեղում հայտնվել է Ուկրաինան` շրջանցելով Ղազախստանին: Ուկրաինայից Հայաստան մուտք է գործել 3.8 մլն դոլար, Ղազախստանից` 3.7 մլն դոլար: Ընդ որում` Ղազախստանից տրանսֆերտները նվազել են մոտ կես մլն դոլարով, իսկ Ուկրաինայից գրեթե չեն փոխվել;

Թուրքիայից մուտք է եղել 460 հազ. դոլար (նախորդ տարվա 308 հազ. դոլարի համեմատ), դեպի Թուրքիա փոխանցվել է 820 հազ. դոլար (նախորդ տարվա 1.1 մլն դոլարի համեմատ):