Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի ղեկավար Զորի Բալայանին, «Արմենիա» առագաստանավի նավապետ Սամվել Կարապետյանին, առագաստանավի անձնակազմին:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին փոխանցել են շնորհավորական ուղերձի տեքստը, որում մասնավորապես ասված է.
«Ի սրտե շնորհավորում եմ ձեզ „Արմենիա“ առագաստանավով շուրջերկրյա ուղեւորության առաջին փուլի հաջող ավարտի կապակցությամբ:
Արդեն յոթ ամիս է, ինչ դուք նավարկում եք ծովերով եւ օվկիանոսներով: Այդ ընթացքում, մեր ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ, հայկական առագաստանավը հատեց Ատլանտյան օվկիանոսը: Անցնելով Պանամայի նեղուցը` դուրս եկաք Խաղաղ օվկիանոս` այցելելու Լոս Անջելեսի մեր հայրենակիցներին: Դուք այցելեցիք Բրազիլիայի, Ուրուգվայի եւ Արգենտինայի հայկական համայնքներ, որտեղ եւ ավարտեցիք ձեր նավարկության առաջին փուլը` հետեւում թողնելով հասարակածին հավասար հեռավորություն»:
Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ նավարկությունն իրականացվում է հայերիս համար նվիրական «Մեսրոպ Մաշտոց» անվան ներքո` «մեր ժողովրդի հոգեւոր ու մշակութային ժառանգության շուրջ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբելու ազնիվ առաքելությամբ»: Հայաստանի նախագահը մաղթել է այս աննախադեպ նավարկության բարեհաջող շարունակություն եւ բարի վերադարձ":




























