Հայաստանը գտնվում է 3-րդ տեղում ԱՊՀ երկրների վերաբերյալ Ռուսաստանի քաղաքացիների վստահության հարցման վարկանիշային աղյուսակում: Համաձայն Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի նոյեմբերի 21-22-ին անցկացված հարցման՝ ռուսաստանցիների միայն 8 տոկոսն է Հայաստանը համարում կայուն եւ հաջողակ երկիր: Հայաստանին գերազանցում են միայն Բելառուսը (43 տոկոս) եւ Ղազախստանը (31 տոկոս):
ԱՊՀ մյուս երկրները, ըստ ՀԿՈՒՀԿ պաշտոնական կայքի՝ լուրջ ետ են մնում վստահության վարկանիշային աղյուսակում՝ Ադրբեջանն ու Ուկրաինան ստացել են 4-ական տոկոս, Ղըրղզստանը, Մոլդովան, Թուրքմենիան եւ Ուզբեկստանը հուսալի գործընկեր են համարում հարցվածների 3-ական տոկոսը: Աղյուսակը եզրափակում են Տաջիկստանն ու Վրաստանը՝ համապատասխանաբար 2 եւ 1 տոկոս:
Համարյա նույնն է ռուսաստանցիների վերաբերմունքը ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վստահում են 1600 հարցվածների 3 տոկոսը:
Ամենամեծ վստահության տոկոս ունեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը (համապատասխանաբար՝ 33 եւ 28 տոկոս): Ապա հաջորդում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ 6 տոկոս, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի նախագահներ Իսլամ Քարիմովն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ 5-ական տոկոս, Ղըրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը՝ 4 տոկոս: Սերժ Սարգսյանի հետ նույն հորիզոնականը կիսում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն:
Ամենաքիչը ռուսները վստահում են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:




























