ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009թ. «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակը շնորհել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Լ. Յովանովիչին:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից NEWS.am-ին հայտնեցին, որ «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» ամենամյա մրցանակը շնորհվում է ԱՄՆ այն դեսպանին, ով իր նշանակման երկրում բացառիկ նվիրում է ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության եւ կառավարման ժողովրդավարական սկզբունքների առաջ մղման հարցում:
Դեսպան Յովանովիչին ընտրելով այս մրցանակի համար` պետքարտուղար Քլինթոնը առանձնացրել է սկզբունքային առաջնորդման ու դիվանագիտական միջոցների օգտագործման նրա նորարարական մոտեցումը մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը, որպես Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչ, խթանելու եւ պաշտպանելու հարցում:
Պետքարտուղար Քլինթոնը առանձնակի նշել է դեսպան Յովանովիչի եւ նրա ղեկավարած թիմի շահապաշտպան գործունությունը՝ ուղղված 2008թ. փետրվարին կայացած վիճահարույց ընտրություններից հետո ձերբակալվածների հանդեպ իրավաչափ գործընթացների ու թափանցիկ քննությունների ապահովմանը, եւ դեսպանի ջանքերը՝ ուղղված Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանը` միաժամանակ ապահովելով դրական հարաբերություններ Հայաստանի կառավարության հետ:
Մրցանակը դեսպան Յովանովիչին կհանձնվի եկող տարվա սկզբին:
«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին, սակայն այդ մրցանակին իրավամբ արժանի են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ իրականացնողները` լինեն կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից, թե լրատվամիջոցներից»,- նշել է Յովանովիչն ու հավելել. «Կարծում եմ` 18 տարիների ընթացքում Հայաստանը առաջընթաց շատ է ունեցել, սակայն մարդու իրավունքների ոլորտում դեռ շատ անելիք կան: Ես ուզում եմ օգնել այդ հարցում եւ ուզում եմ դա անել կառուցողականորեն»:




























