Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատարձակումը և վերադարձը Հայաստան երբեք դուրս չի եկել և մինչև խնդրի լուծումը դուրս չի գա մեր աշխատանքային օրակարգից։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս իր  ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա, մասնավորապես, նշեց, «Իհարկե, կշարունակվեն աշխատանքները Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման ուղղությամբ։ Համոզված եմ՝ Ադրբեջանից Հայաստան ներմուծումներին զուգահեռ շուտով կսկսվեն արտահանումներ Հայաստանից Ադրբեջան։ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների մեկնարկը և զարգացումը, իհարկե, էականորեն ուժեղացնում է հաստատված խաղաղությունը, և մենք մեր տնտեսվարողներին քաջալերելու ենք աշխատել այս ուղղությամբ: Առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումից և խորացումից, սահմանների սահմանազատումից, գերիների և անհետ կորածների հարցերի շուրջ համագործակցությունից, ապաշրջափակումից, նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումից անդին, շատ կարևոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների սոցիալ-հոգեբանական կողմը։ Եվ հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է խաղաղություն հաստատել սոցիալ-հոգեբանական մակարդակում։

Սա նշանակում է մեկ բան, որ թե մենք, թե Ադրբեջանը պետք է առերեսվենք, հաշտ լինենք այն փաստի հետ, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, ոչ ավել, ոչ պակաս»։