Հայաստանի Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 15-ին լսելու է «Ա1+»-ի հայցը: «Մելտեքս» ՍՊ ընկերության` «Ա1+»-ի ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը հայտարարություն են տարածել, որում նշել են, թե Հայաստանի իշխանությունները չեն կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008թ. հունիսի 17-ի որոշումը՝ «Ա1+»-ի մասով, այն է՝ կապուղիների նոր մրցույթ անցկացնել, եւ ապահովել հեռուստաընկերության բնականոն գործունեությունը:

Ընկերությունը Հայաստանի իշխանությունների անգործությունը վիճարկել էր Վճռաբեկ դատարանում, սակայն մերժում էր ստացել, եւ սեպտեմբերին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու օրենքի այն դրույթը, որ թույլ է տալիս ազգային դատարաններին մերժելու Եվրոպական դատարանի որոշումը: Սահմանադրական դատարանը, դիմումը միացնելով մեկ այլ նմանատիպ պահանջով բերված դիմումի հետ, համարել է այն ընդունելի եւ դատաքննության օր նշանակել սույն թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 11:00-ին: Ի դեպ, դատաքննությունն անցկացվելու է գրավոր: