ԱՄՆ Տեխաս նահանգում իշխանությունները երեքշաբթի օրը կարգադրել են տարհանել գյուղական շրջանների բնակիչներին արագ տարածվող անտառային հրդեհի պատճառով։ Հրդեհը մի քանի ժամում ավելի քան 200 կմ² տարածք է ընդգրկել, հայտնում է Associated Press-ը։
Ross Fire անվանումը ստացած հրդեհը սկսվել է երկուշաբթի կեսօրին և տարածվել նահանգի կենտրոնական հատվածի երկու շրջանների սակավաբնակ վայրերում։ Առնվազն հինգ շինություն ոչնչացվել է։ Իշխանությունները բացել են տարհանման կենտրոններ, իսկ մի քանի դպրոցում դասերը չեղարկվել կամ հետաձգվել են։

Պալո Պինտո շրջանի արտակարգ օգնության ծառայության ներկայացուցիչ Էմի Մեյերի խոսքով՝ կրակի տարածմանը նպաստում են նաև ծայրահեղ չոր պայմանները։
«Մեզ մոտ շատ չոր է», — ասել է Մեյերը՝ նշելով, որ կրակի տարածման համար նպաստավոր պայմանների պատճառով հրդեհը մի քանի ժամում զգալիորեն մեծացել է։
Սպասվում է, որ երեքշաբթի օրը հրդեհի տարածքը կշարունակի աճել ջերմաստիճանի բարձրացման պատճառով։ Տեղի ֆերմերներն ու անասնապահության հանձնաժողովը տարածքներ են տրամադրում տարհանվող անասունների ժամանակավոր տեղավորման համար։

Վերջին օրերին հրդեհներ են տարածվում նաև ԱՄՆ-ի հարավի և արևմուտքի այլ շրջաններում։ Ազգային միջգերատեսչական հրդեհային կենտրոնի տվյալներով՝ միայն կիրակի օրը երկրում առաջացել է 12 նոր խոշոր հրդեհ։ Տարեսկզբից ԱՄՆ-ում գրանցվել է ավելի քան 50 հազար անտառային հրդեհ, ինչը վերջին 10 տարվա նույն ժամանակահատվածի համար ամենաբարձր ցուցանիշն է։

Նևադայում Կալիֆոռնիայի սահմանի մոտ բռնկված Hawk Fire հրդեհը ոչնչացրել է ավելի քան 30 տուն և ընդգրկել մոտ 60 քառ. կմ տարածք։ Իշխանությունները հայտնել էին, որ երկուշաբթի օրվա դրությամբ այն հաջողվել է տեղայնացնել 27%-ով։ Տարհանման և նախազգուշացման գոտիներից դուրս է բերվել մոտ 63 հազար մարդ։ Հրդեհի հետևանքով տուժել է առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ արտակարգ ծառայությունների երեք աշխատակից։ Իշխանությունների նախնական վարկածով՝ հրդեհի առաջացումը կարող է պայմանավորված լինել մարդկային գործունեությամբ։





























