Գերմանիայի սահմանից ոչ հեռու գտնվող նիդերլանդական Օվերասելտ գյուղում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս երկու ոստիկան վիրավորում է ստացել, հայտնում է dpa-ն:

Միջադեպից հետո ոստիկանությունը մի քանի ժամով շրջափակել է Նեյմեխենի մոտակայքում գտնվող գյուղը, իսկ տեղի տարրական դպրոցը փակվել է: Իրավապահները կասկածյալների որոնման լայնամասշտաբ գործողություն են իրականացրել՝ ներգրավելով ոստիկանական մի քանի ստորաբաժանումներ և ուղղաթիռներ: Ոստիկանության տվյալներով՝ կան ձերբակալվածներ:

Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակմանը կարող էին մասնակցած լինել տասնյակ զինված անձինք: Ականատեսները պատմել են, որ նրանցից ոմանք թաքնվել են եգիպտացորենի արտում: Ենթադրյալ ավտոմեքենաները, որոնցով կասկածյալները փորձել են փախուստի դիմել, կանգնեցվել են տարածաշրջանի երկու մայրուղիներում:

De Telegraaf թերթի փոխանցմամբ՝ տեսահսկման տեսախցիկներն արձանագրել են դիմակավորված շուրջ 30 զինված անձանց: Հաղորդվում է, որ տասնյակ երիտասարդ տղամարդիկ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 4:00-ին վազել են գյուղի միջով, նրանցից ոմանք զինված են եղել հրացաններով:

Հրաձգության պատճառները պաշտոնապես դեռևս չեն հայտնվում: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը կարող է կապված լինել նարկոկլանների ներսում տեղի ունեցած բախման հետ:

Ենթադրվում է, որ կրակ են բացել «Բոլլե Յոս» մականունով հայտնի, կոկաինի մաքսանենգությամբ զբաղվող նարկոբարոն Յոս Լեյդեկերսի խմբավորման հետ կապ ունեցող անձի տան ուղղությամբ: Լեյդեկերսը համարվում է Եվրոպայում ամենափնտրվող նարկոբարոններից մեկը:

Վիրավորված երկու ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը շարունակում է քննությունը և դեռևս չի հայտնում ձերբակալվածների ստույգ թիվը: