Նյու Յորքի Սթեյթեն Այլենդում տեղի բնակիչը հրաշքով ողջ է մնացել ամպրոպի ժամանակ կայծակի ուղիղ հարվածից, դեպքի պահը ֆիքսել է դռան զանգին ներկառուցված տեսահսկման տեսախցիկը, հաղորդում է ABC7 հեռուստաալիքը և հրապարակում միջադեպի տեսանյութը։

Տուժածը Թոմաս Ֆահմին է եղել։ Նա գնում էր ատամնաբույժի մոտ, երբ կայծակը հարվածել է նրա ոտքին, փոխանցում է հեռուստաալիքը։

«Հենց որ կայծակը հարվածեց ինձ, ամբողջ մարմնովս անցան զգացողություններ, որոնց հետ ես երբեք նախկինում չէի բախվել՝ ծակծկոց, թմրածություն, ցավ, ես բառացիորեն այրոց էի զգում»,- տղամարդու խոսքերն է փոխանցում հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Ֆահմին գիշերն անցկացրել է հիվանդանոցում, սակայն այրվածքներ չի ստացել։

«Որևէ այրվածք չկա։ Ինձ մի քանի անգամ զննել են՝ ընդհանրապես այրվածքներ չկան։ Կիրակի ես գնացի եկեղեցի՝ Աստծուն շնորհակալություն հայտնելու համար»,- նա ասել է հեռուստաալիքին՝ հավելելով, որ շաբաթ օրը որոշել է գնել Mega Millions վիճակախաղի տոմս։