Հնագետները բացատրություն են գտել Պոնտիոս Պիղատոսի անունով պղնձե մատանու վրա եղած անսովոր գրառման համար, որը հայտնաբերվել էր դեռևս 1968–1969 թվականներին՝ Երուսաղեմից մոտ 13 կմ հարավ-արևելք գտնվող Հերովդիոն պալատ-ամրոցի պեղումների ժամանակ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մատանին, ամենայն հավանականությամբ, պատկանել է ոչ թե հենց Հռոմեական Հրեաստանի պրեֆեկտին, այլ տեղացի մի աշխատակցի, որն այն օգտագործել է Պիղատոսի վարչակազմի հետ կապված առարկաները նշանավորելու համար։
Մատանին ինքը պահեստում մնացել էր մինչև 2018 թվականը, երբ այն մանրակրկիտ մաքրել են և հայտնաբերել փորագրության մանրամասները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Palestine Exploration Quarterly ամսագրում։
Մատանին գտնվել էր նախկին պալատական բակի բեկորների մեջ և երկար ժամանակ համարվում էր բազմաթիվ աննշան գտածոներից մեկը։ Այն թվագրվում է մ.թ.ա. I դարով։ Իրի վրա պատկերված է կալիկս-կրատեր՝ գինի ջրով խառնելու անոթ, իսկ պատկերի երկու կողմերում հունական տառերով փորագրված է ΠΙΛΑΤΟ (PILATO) անունը։
Հենց այս գրառումն էր երկար ժամանակ հարցեր առաջացնում։ Մատանու պատրաստման ցածր որակը չէր համապատասխանում այն թանկարժեք զարդի մասին պատկերացումներին, որը կարող էր կրել Հրեաստանի կառավարիչը։ Բացի այդ, Պիղատոսի անունը գրված էր ոչ թե լատիներեն, այլ հունական տառերով և անսովոր ձևով։ Որոշ հետազոտողներ ենթադրում էին, որ մատանին կարող էր պատկանել հենց Պիղատոսին կամ նրա բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, մյուսները կարծում էին, որ գրառումը կարող էր բոլորովին այլ իմաստ ունենալ։
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հին հուդայականության պրոֆեսոր Քեթրին Բոնեշոն առաջարկել է այլ բացատրություն։ Նրա կարծիքով՝ ΠΙΛΑΤΟ-ն լատիներեն PILATO ձևի տառադարձությունն է հունական տառերով։ Այսպիսի գործելակերպը տարածված էր Հռոմեական Հրեաստանում, որտեղ հունարենը կիրառվում էր զգալիորեն ավելի լայն, քան լատիներենը։
Բոնեշոն կարծում է, որ մատանին կարող էր պատկանել մի տեղացու, հավանաբար ստրուկի կամ նախկին ստրուկի, որը աշխատում էր Պիղատոսի վարչակազմի մարդկանց համար։ Դրա օգնությամբ կարող էին նշումներ դնել արկղերի, անոթների կամ փաստաթղթերի վրա՝ ցույց տալով դրանց պատկանելությունը պրեֆեկտի վարչակազմին։ Այդ դեպքում գրառումը չէր նշանակի «պատկանում է Պիղատոսին», այլ կլիներ ծառայողական մի տեսակ մակնշում։
Գիտնականի խոսքով՝ այս գտածոն թույլ է տալիս ավելի լավ հասկանալ հռոմեական վարչակազմի առօրյա աշխատանքն ու դրա փոխգործակցությունը տեղացիների հետ։



























