Այսօր Արևմուտքի և Ռուսաստանի միջև պատերազմ է ընթանում, որի ընթացքում Արևմուտքը դիմում է ամենատարբեր միջոցների, և Հայաստանը նրա համար հերթական հարթակ է, որտեղ կարելի է ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Այդ մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում հայտարարել է Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի նախագահ, քաղաքագետ Դմիտրի Տրենինը։

Ըստ նրա՝ Արևմուտքը տեսնում է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ, և նա ակտիվորեն համագործակցում, փոխգործակցում է այդ ուժերի հետ։

Նա նշել է, որ Ռուսաստանում առանձնակի պատրանքներ չունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական գծի և այն մարդկանց վերաբերյալ, որոնք նաև նրա համախոհներն են և աջակցում են այդ գծին։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում իրավիճակը շարունակում է փոխվել բացասական՝ Ռուսաստանի տեսանկյունից, ուղղությամբ։ Տրենինը շեշտել է, որ հարցը, թե Կրեմլը կճանաչի՞ արդյոք Հայաստանում ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ, արդեն միայն պատմական նշանակություն ունի, սակայն Ռուսաստանում հասարակական կարծիքը կարծում է, որ այդ ընտրությունների ընթացքում լուրջ խախտումներ են թույլ տրվել։

«Շատերը կարծում են, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում իրական պատկերը կամ իշխանությունների կատարած մանիպուլյացիաների արդյունք են, սակայն դա առանձին մարդկանց կարծիքն է, թեև բավական ազդեցիկ մարդկանց։ Կրեմլը հրապարակայնորեն չի արտահայտվել այս հարցի շուրջ, բայց կարելի է պատկերացնել Կրեմլի վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ, որովհետև Ռուսաստանի նախագահ Պուտինը շնորհավորել էր Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ հենց այն պահին, երբ Քոչարյանը հերթական անգամ բանտ էր ուղարկվել»,- պարզաբանել է քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ Երևանի և Մոսկվայի հարաբերություններում իրավիճակի հետագա զարգացման հարցն ամբողջությամբ և լիովին Հայաստանի կողմում է։ Ինչպես Հայաստանը որոշի, այնպես էլ կլինի։

Նա հստակեցրել է, որ Ռուսաստանի համար, եթե Հայաստանը որոշի մնալ Եվրասիական Միությունում և հրաժարվել Եվրամիության ուղղությամբ ինչ-որ շարժումից, քանի որ այդ երկու անդամակցությունները լիովին անհամատեղելի են, ապա Ռուսաստանը կշարունակի հարաբերությունները Հայաստանի հետ որպես իր մերձավոր գործընկերոջ և դաշնակցի։ «Իսկ եթե Հայաստանը որոշի, որ իր համար ավելի կարևոր է եվրոպական վեկտորը, ապա, ինչպես հայտարարել է Պուտինը, մենք դա կընդունենք ի գիտություն և համապատասխան քայլեր կձեռնարկենք՝ Հայաստանի հետ տնտեսական և այլ հարաբերությունների առնչությամբ»,- հայտարարել է Տրենինը։

Փորձագետը չի կարծում, որ Մոսկվայի արձագանքը Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությանը կարելի է բնութագրել որպես բուռն՝ այն անվանելով «հանգիստ, բայց կոշտ»։

Նա համեմատել է Հայաստանում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակները, որը, նրա գնահատմամբ, երբեք չի ունեցել, չունի և չի ունենա ՆԱՏՕ-ի անդամ դառնալու որևէ հնարավորություն այն պայմաններում, երբ Ռուսաստանը դեմ է դրան։

«Մենք տեսնում ենք, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում մեծապես ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացի արդյունքում և այն բանի հետևանքով, որ 2014 թվականի հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ուկրաինական ղեկավարությունը ՆԱՏՕ-ի ուղղվածությունը հռչակեց որպես իր արտաքին քաղաքականության գլխավոր գիծ»,- նշել է քաղաքագետը։

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանը տեսանելի ապագայում Եվրամիության անդամ դառնալու շանսեր չունի, սակայն դա չի նշանակում, որ այդ քաղաքական գիծը չի կարող շարունակվել, խորացվել։ Տրենինը դա բացատրել է նրանով, որ, իր կարծիքով, Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնում Արևմուտքի համար որպես ևս մեկ ճակատ, որը կարելի է բացել Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական պայքարի պայմաններում։ «Եթե Հայաստանը ցանկանա դառնալ Եվրամիության խաղաքարըն այդ պայքարում, ապա Եվրամիությունը, իհարկե, կօգտվի դրանից»,- ընդգծել է քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը որևէ ազդակ չի տվել, որը կվկայեր, թե նա պատրաստ է վերանայել իր քաղաքական գիծը և փոխըմբռնում գտնել Մոսկվայի հետ։ «Նա շատ նման հնարավորություններ ունեցել է, և դրանք պահպանվում են նաև այսօր։ Պուտինը Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո նշել է, որ Հայաստանի վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ բանակցությունների, և այդ հարթակը չի օգտագործել որևէ բանավեճի համար։ Նա մինչ այժմ պատրաստ է այն հարցերի քաղաքական լուծմանը, որոնք այսօր վեճի առարկա են։ Բայց որքան կարող եմ դատել, Հայաստանի ղեկավարների կողմից հնարավոր կարգավորման ուղղությամբ որևէ ազդակ չի եղել։ Այսինքն՝ փաստացի Փաշինյանն ասում է․ «Թողեք մենք գլխավոր վեկտոր պահպանենք արևմտյան վեկտորը և օգտվենք Ռուսաստանի հետ տնտեսական և այլ հարաբերությունների բոլոր բարիքներից ու առավելություններից այնքան ժամանակ, քանի դեռ մեզ չեն ընդունել Եվրամիություն, իսկ հենց ընդունեն, մենք կկտրենք բոլոր կապերը Ռուսաստանի հետ»»,- հավելել է փորձագետը։

Տրենինը պարզաբանել է, որ նման մոտեցումը չի կարող ուրախացնել Ռուսաստանին, և նա չի կարող դա ընդունել։ «Այդ պատճառով Պուտինը բավական կոշտ հայտարարեց․ «Կողմնորոշվեք, և մենք կընդունենք ձեր ցանկացած որոշումը»»,- եզրափակել է քաղաքագետը։