«Ալտերնատիվ Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցության Սաքսոնիա-Անհալթի ընտրացուցակը գլխավորող Ուլրիխ Զիգմունդը հայտարարել է, թե ներգաղթյալների արտաքսման և «ռեմիգրացիայի» իրենց ծրագիրն իրագործելու համար դժվար թե ռազմական տեխնիկայի կարիք լինի։ Այս մասին հայտնում է Tagesschau-ն։

Զիգմունդի հայտարարությունն արժանացել է գերմանացի քաղաքական գործիչների կտրուկ հակազդեցությանը։

Մագդեբուրգի երկրամասային խորհրդարանում ԱԳՀ խմբակցության անդրանիկ նիստից հետո լրագրողը Զիգմունդին հարցրել էր, թե ինչպես է վերաբերվում տարածաշրջանում իսրայելական Elbit Systems ռազմարդյունաբերական ընկերության տեղակայմանը։ Ի պատասխան՝ նա նշել էր, որ կուսակցությունը դեմ չէ զենքի արտադրությանը, քանի որ հետագայում «արտաքսման ու ռեմիգրացիայի լայնամասշտաբ գործողությունների» համար իրենց անհրաժեշտ են լինելու «համապատասխան օժանդակ միջոցներ»։ Նա նաև հավելել էր, որ ռազմական արդյունաբերության զարգացումն անմիջականորեն կապված է ներքին անվտանգության, կայունության և երկրամասի պաշտպանունակության հետ։

Հաջորդ օրը Զիգմունդը շտկել էր խոսքը՝ պարզաբանելով, թե նկատի է ունեցել ոչ միայն զենք, այլև սարքավորումներ, տրանսպորտ, պաշտպանական միջոցներ ու այլ տեխնիկա, որոնք անհրաժեշտ են բանակին, ոստիկանությանն ու անվտանգության ուժերին։

Ըստ նրա՝ այդ ամենի արտադրությունը պետք է ավելացնել նաև «օրենքի գերակայությունն ապահովելու», արտաքսումներն իրականացնելու և «ռեմիգրացիայի իսկական արշավ» սկսելու համար։ Զիգմունդի պնդմամբ՝ սա ոչ թե սկանդալային հայտարարություն է, այլ «պետական-քաղաքական պարտք»։

Քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչները խիստ քննադատել են այս խոսքերը։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) խորհրդարանական քարտուղար Դիրկ Վիզեի հայտարարությամբ՝ Զիգմունդը մտադիր է արտաքսումներն իրականացնել ռազմական զենքի կիրառմամբ, ինչով «անցել է բոլոր կարմիր գծերը»։ Բունդեսթագում «Ձախերի» խմբակցության ղեկավար Սյորեն Պելմանն էլ ԱԳՀ-ի հռետորաբանությունը համեմատել է նացիստների խոսույթի հետ։

«Կանաչների» համանախագահ Ֆելիքս Բանաշակը Զիգմունդի հայտարարություններն «ահաբեկող» է որակել՝ ընդգծելով, որ դրանք փաստում են սեփական նպատակներին հասնելու համար իրավական պետության սահմանները խախտելու ԱԳՀ-ի պատրաստակամությունը։

Խիստ արձագանք է հնչել նաև «Սահրա Վագենկնեխտի դաշինքից» (ՍՎԴ), որն ընտրություններից հետո չէր բացառում ԱԳՀ-ի հետ որոշակի համագործակցությունը։ Երկրամասային խորհրդարանում ՍՎԴ խմբակցության փոխնախագահ Կլաուդիա Վիտիգը շեշտել է, որ արտաքսումը ռազմական խնդիր չէ, և դրա համար չի կարելի ռազմական սպառազինություն կիրառել։

Սաքսոնիա-Անհալթում ԱդԳ-ի տեղական կառույցը 2023 թվականից Սահմանադրության պահպանության վարչության կողմից որակվել է որպես աջ ծայրահեղական կազմակերպություն։ Կուսակցությունն այժմ բողոքարկում է այդ որոշումը դատարանում. դատական գործընթացն այս պահին կասեցված է։