Աշոտ Աղաբաբյանը Ռուբեն Հայրապետյանի կուսակցական գործընկերն է եւ ՀՀՖ նախագահը դեմ է նրա ձեռքից «Հրազդան» մարզադաշտը խլելուն: Այդ մասին ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է Հանրային խորհրդում` մարզադաշտի ապագայի վերաբերյալ քննարկումից հետո:

«Աշոտ Աղաբաբյանն իմ կուսակցական գործընկերն է: Երբ ես «Հրազդան» մարզադաշտի պահպանության մասին բարձրաձայնել եմ, աղմուկ եմ բարձրացրել, Աշոտ Աղաբաբյանը ստեղ որեւէ կապ չի ունեցել: Ուղղակի խոսակցությունը գնաց, որ պետք է վերցնել, պատժել»,- նշեց Հայրապետյանը` պաշտպանելով իր կուսակցին, ում հետ ընդհանուր հայտարարի է եկել «Հրազդան» մազրադաշտի շուրջ:

«Բայց նա նաեւ պահպանել է այդ մարզադաշտը: Ճիշտ է` ժամանակակից նորմերին չի համապատասխանում, կա պրոբլեմ, բայց այդ մարդը աշխատանք է տարել եւ պահպանել է տարիներ շարունակ: Կամ ի՞նչ է նշանակում հետ վերցնել: Թող ճանաչեն մշակութային արժեք»:,-ընդգծել է Ռուբեն Հայրապետյանը:

Հարցին, եթե սեփականատերը ՀԱԿ-ից լիներ, նույնկե՞րպ էր արտահայտվելու, Ռուբեն Հայրապետյանը չի պատասխանել:

Նշենք, որ «Հրազդան» մարզադաշտի վարձակալ, Հանրապետական կուսակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը ցանկանում է մարզադաշտի տարածքում գործող տոնավաճառը քանդել, եւ տեղում կառուցել առեւտրի կենտրոն՝ այսինքն կապիտալ շինություն, ինչն անթույլատրելի է համարել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ իր տված փորձագիտական եզրակացությունում, քանի որ տոնավաճառը գործում է մարզադաշտի տարհանման գոտում: Այսինքն՝ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ այս տարածքն անհրաժեշտ է մարզասերների ժամանման եւ մեկնման համար, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում այն առավել կենսական դեր է կատարում:

Աղաբաբյանի ծրագրերի դեմ բողոքի ակցիաներ են իրականացվել, ստեղծվել են նախաձեռնություններ, որոնք պահանջում են չեղյալ հայտարարել առեւտրի կենտրոնի կառուցումը:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռ. Հայրապետյանը նշել էր, որ աջակցելու է այդ նախաձեռնություններին: «Ես նրանց հետ եմ, այդ նախաձեռնող խմբի հետ, աջակցելու եմ, որքան կարող եմ ու որքան ֆեդերացիայի նախագահն եմ, որպեսզի թույլ չտանք այդ շինարարությունը»,- նշեց նա: Ֆեդերացիայի նախագահը «Հրազդան» մարզադաշտի հարցով հանրապետության նախագահի հետ չի զրուցել, սակայն հույս ունի, որ մարզադաշտը կպահպանի իր նախնական տեսքը: «Հույսը վերջում է մահանում»,- ասել էր նա: