Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ  ղեկավար Արմեն Ուլիխանյանին եւ շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Մելիք Գասպարյանին՝  համատեղ աշխատանքի համար: 

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը եւ ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ եւ սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը նշել է նաեւ, որ վարչական շրջանի նոր ղեկավարը, տեղական ինքնակառավարման համակարգում ունենալով համապատասխան փորձ, պահպանելով տարիների ընթացքում ձեւավորված թիմային աշխատանքի ավանդույթները, նոր մոտեցումներով եւ կազմակերպչական ունակություններով կնպաստի Նոր Նորք վարչական շրջանի եւ, առհասարակ, քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:

«Առկա խնդիրների լուծման գործում պետք է համատեղենք մեր ուժերը. շարունակենք բոլոր նախանշված ծրագրերը համայնքային տնտեսության ոլորտներում եւ մեր աշխատանքով պետք է կարողանանք բարեկարգ ու հարմարավետ միջավայր ստեղծել մեր բնակիչների համար»- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին մաղթելով աշխատանքային հաջողություններ:

Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովմանն ու  բնակչությանը հուզող  հարցերին` քաղաքապետը մեկ անգամ եւս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են եւ նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մելիք Գասպարյանն ազատվել է Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: Այս վարչական շրջանում ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ավելի քիչ ձայն է հավաքել, քան` ԲՀԿ-ն: