Բաքվում, մայիսի 24-ին, «Եվրատեսիլ-2012» երգի երկրորդ կիսաեզրափակիչը մեկնաբանելիս Նիդերլանդների առաջին ալիքի մեկնաբանը կրկին անդրադարձել է մրցույթին Ադրբեջանի հարեւան երկրի` Հայաստանի չմասնակցելու խնդրին: Դա տեղի է ունեցել մրցույթի սկզբից ուղիղ մեկուկես ժամ անց, երբ ժուրիին ու հանդիսատեսը որոշում էին եզրափակիչի 10 մասնակիցներին:
«Միանգամայն երեւում է հայերի բացակայությունը»-շեշտել է նա եւ հավելել, որ մրցույթի կազմկոմիտեի ղեկավարը, ով Ալիեւի կինն է, հարցազրույցներից մեկում կարծիք է հայտնել, որ Հայաստանը չի եկել Բաքու, քանի որ Ադրբեջանին համարում է իր թշնամին, այսպիսով այդ ֆոնին Հայաստանը անհարգալից վերաբերմունք է դրսեւորել իբր մյուս մասնակից երկրների նկատմամբ:
Մեկնաբանը անրադարձել է Ալիեւների ընտանիքի դիրքին ու հարստությանը, նշելով, որ երկրի բանկերի կեսից ավելին տնօրինում են մայր եւ դուստր Ալիեւները: Այնուհետեւ մեկնաբանը հայտնել է, որ իրենց թղթակցին հաջողվել է բացահայտել, որ փառատոնի դահլիճի կառուցումից նրանց հաջողվել է բավական կլորիկ գումար վաստակել:
Հետաքրքիր է, թե ինչու Մեհրիբան Ալիեւան այս անգամ որոշել է իր ամուսնու տրամաբանությանը հակառակ կարծիք արտահայտել, քանի որ հենց Իլհամ Ալիեւն էր վերջերս իր ելույթում հայտարարել, որ աշխարհի բոլոր հայերն իրենց թշնամիներն են:
Երեկ մեկ այլ Նիդերլանդական ազդեցիկ հեռուստաալիքի` RTL 7-ի մեկնաբանը ռեպորտաժ է ցուցադրել Բաքվից, որտեղ մարդկանց տարբեր խմբեր բախումներ են ունեցել ոստիկանության հետ: Հաղորդման մեջ Բաքվի բնակիչներից մեկը բողոքում է, որ իրենց տները քանդվել են եւ իրենք չեն լռելու այս օրերին, երբ «Եվրատեսիլն» ազատ կամքի արտահայտման հնարավորություն է տալիս: Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են մարդկանց քարշ տալիս դեպի ոստիկանական մեքենաները եւ ձերբակալում:


























