Բրյուսելում կայացած Միջազգային եվրոպական շարժման գագաթնաժողովի ընթացքում Շարժման նախագահ Յո Լայնենը (Jo Leinen) Ադրբեջանի իշխանությանը կոչ է արել հստակորեն հետեւել եվրոպական արժեքներին: Նա ասել է, որ Եվրախորհրդի անդամ յուրաքանչյուր երկիր պարտավոր է իմանալ եւ հարգել համաեվրոպական արժեքները հենց երկրի ներսում:
Ադրբեջանի վերաբերյալ վերջին հաղորդումները եւ տեղեկություններն առաջացրել են Միջազգային եվրոպական շարժման անդամների վրդովմունքը եւ մտահոգությունը: Շարժումը հստակեցրել է, որ Ադրբեջանի հետ ընթացող մերձեցման եւ ասոցացման համաձայնագրերի բանակցության հետագա ընթացքում երկու կողմերի միջեւ պետք է հստակ լինի արժեքների ճշմարիտ ըմբռնումը:
«Երբ ես որպես Միջազգային եվրոպական շարժման նորընտիր նախագահ այցելեցի Ադրբեջան, ես բացահայտեցի մի երկիր, որը ցանկանում է ավելի սերտ հարաբերություն ունենալ Եվրոպայի հետ: Մենք` բոլորս, պետք է Ադրբեջանի եւ Եվրոպայի միջեւ ստեղծենք ուժեղ եւ արդյունավետ կապեր` հիմնված ընդհանուր արժեքների վրա»,- ասել է Յո Լայնենը:
Ադրբեջանում հիմնված Եվրոպական շարժման ազգային խորհուրդ ՀԿ-ն առաջինն է, որն ունի եվրոպական ուղղվածություն: Այն նպատակ է դրել անդրադառնալ հասարակության եւ քաղաքականության բոլոր հատվածներին/ոլորտներին: «Ես շատ բարձր եմ գնահատում բազմաթիվ երիտասարդների նախաձեռնությամբ կյանքի կոչված այս գաղափարը»,- ասել է Լայնենը:


























