Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, մայիսի 21-24-ին, Բանգկոկում (Թաիլանդ) մասնակցել է ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 68-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Հանձնաժողովի լիագումար նիստում ունեցած իր ելույթում դեսպան Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի ձեռքբերումները «Կայուն Զարգացման Ծրագրի» (Sustainable Development Program) իրականացման գործընթացում: Նա խոսել է համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման, աղքատության դեմ պայքարի, գյուղական շրջանների զարգացման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի, միջուկային էներգետիկայի զարգացման, Հայաստանի  համար ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի եւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման խնդիրների մասին:    

Նստաշրջանի ավարտին ընդունվել են ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի գործողությունների ծրագրեր նախանշող մի շարք բանաձեւեր: